կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-07 15:45
Տնտեսական

Բենզինի և դիզվառելիքի գինն ապրիլին մնացել է նույնը

Բենզինի և դիզվառելիքի գինն ապրիլին մնացել է նույնը

Տեղեկացրել էինք, որ 2018թ. ապրիլին, մարտի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.3% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի՝ 1.2% գնանկումով: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակումներից տեղեկանում ենք, որ, միաժամանակ, 2018թ. ապրիլին, մարտի համեմատ, ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 0.4% գնաճ:

Նշված ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է կահույքի և կահավորանքի, դեղագործական ապրանքների՝ 0.1%, մաքրող, լվացող միջոցների և բնակարանի խնամքի այլ պարագաների՝ 0.3%, կենցաղային և այգեգործական գործիքների ու հարմարանքների՝ 0.4%, անձնական գործածության այլ ապրանքների՝ 1.2%, հագուստի՝ 1.5%, տարբեր տեսակի կոշկեղենի 4.1% գնաճ:

Միաժամանակ, հանրապետությունում արձանագրվել է գորգերի և հատակի ծածկերի՝ 0.9%, վառելանյութի և քսայուղերի՝ 0.4%, ոսկերչական զարդերի 0.1% գնանկում:

2018թ. ապրիլին, մարտի համեմատ, բենզինի և դիզելային վառելիքի գների մակարդակը մնացել է անփոփոխ: 2018թ. ապրիլին 2017թ., ապրիլի համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 16.6% և 25.9%, իսկ 2017թ. դեկտեմբերի համեմատ՝ 9.3% և 20.4% գնաճ:

Մատուցված ծառայությունների ոլորտում 2018թ. ապրիլին, մարտի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է սակագների 0.2% հավելաճ:

Նշված ժամանակահատվածում բնակարանի նորոգման և սպասարկման ծառայությունների սակագներն աճել են 0.1%-ով, ռեստորանների և հյուրանոցների սպասարկման ծառայություններինը՝ 1.1%-ով, մարդատար տրանսպորտի ծառայություններինը՝ 2.5%-ով: Դրան զուգընթաց, հանրապետությունում գրանցվել է հանգստի կազմակերպման ծառայությունների սակագների 2.3% նվազում, իսկ կենցաղային սարքերի նորոգման, բժշկական, կապի ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: