կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-04 11:15
Հասարակություն

Աշխատանքային օրս սկսեցի` հրաժարականի դիմում ներկայացնելով. Դավիթ Սահակյան

Աշխատանքային օրս սկսեցի` հրաժարականի դիմում ներկայացնելով. Դավիթ Սահակյան

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել:

Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելիներ, մայիսի 2-ի աշխատանքային օրս սկսեցի հրաժարականի դիմում ներկայացնելով` որոշմանս մեջ հաստատակամ, հույզերիս մեջ` հակասական: Չէի ցանկանում դրա մասին բարձրաձայնել, պարզաբանել: Բայց կարծես թե չի ստացվում` հարցեր են տալիս:

Բազմաթիվ տարիներ շարունակ պայքարել եմ հանուն ավելի լավ Հայաստանի` կրթության միջոցով երկիրը փոխելու հավատամքով: Պայքարել եմ անկեղծ ու նվիրումով, պայքարել եմ գաղափարին ու արժեքներին հավատարիմ մնալով, սկզբունքները պահելով, պայքարել եմ ամենօրյա աշխատանքով, երեխաների կողքին լինելով և նրանց հաղթանակներով ոգևորվելով, կրթությունը շարժում դարձնելով, փորձել եմ լինել ազնիվ իմ խոսքերում ու արարքներում, փորձել եմ լինել ազնիվ առաջին հերթին ինքս իմ նկատմամբ: Կարծում եմ, այդ աշխատանքի շնորհիվ էր, որ մեկ տարի ու մի քանի ամիս առաջ ինձ առաջարկվեց փոխնախարարի պաշտոնը: Այդ առաջարկությունն ընդունեցի մեծ դժվարությամբ, իմ էությանը դեմ գնալով: Ընդունեցի` համարելով դա ծառայություն, երկրին օգտակար լինելու հնարավորություն, որպես իմ որդեգրած պայքարի տրամաբանական շարունակություն: Նախարարությունում աշխատանքս կառուցեցի նույն արժեքների և սկզբունքների վրա: Որոշ բաներ հասցրեցի կյանքի կոչել, ծրագրերի մի մասին էլ մեկնարկ տվեցի, շատերն էլ մնացին գաղափար: Ափսոսում եմ կիսատ մնացած գործերի համար:

Այսօր բոլորիս աչքերի առաջ ծնունդ է առնում նոր Հայաստան` առավել ազատ: Այս իրողությունը սրբագրելու է բոլոր օրակարգերը, բոլոր ծրագրերը: Եվ դա ժամանակ է պահանջելու: Համոզված եմ, որ նոր, հզոր Հայաստանի հիմքը` կրթությունն է: Իսկ մինչ օրակարգերը սրբագրվելու են, ես կշարունակեմ կրթության միջոցով երկիրն ավելի լավը դարձնելու իմ ճանապարհը:

Աստված պահի մեր Հայրենիքն ու ժողովրդին»: