Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը Փաշինյանից հետաքրքրվեց «Նաիրիտ» գործարանի վերագործարկման մասին:
«Գաղտնիք չէ, որ շարժման հիմքում կան սոցիալական արմատներ` ժողովրդին հուզում է, թե երբ են իրենք լավ ապրելու: Դուք բազմիցս հնչեցրել եք աշխատատեղերի ստեղծման, արտադրություններ ստեղծելու հարցերը: Այս շարժման պատճառով տնտեսությունը 2 ամսով հետ է ընկնում: Եվ ե՞րբ է աշխատելու «Նաիրիտ» գործարանը»,- հարցրեց նա:
Փաշինյանը նշեց, որ «Նաիրիտ»-ի վերաբերյալ հարցին չի կարող պատասխանել, քանի որ փորձագիտական մակարդակով չի տիրապետում այդ խնդրին:
Անդրադառնալով տնտեսության վերաբերյալ` Գագիկ Մելիքյանի կանխատեսումներին՝ նա նշեց. «Երբ արդարության և օրենքի առաջ բոլորի հավասարության պայմաններն ապահովվեն, համոզված եմ, որ Հայաստանում լրջագույն ներդրումներ են արվելու, առաջին հերթին` հայկական շրջանակներից: Բաց թողնված ամեն օրը շատ արագ կփոխհատուցվի»:
ՀՀԿ խմբակցության քարտուղարը չհամաձայնեց, նա նշեց, որ առաջիկա 7-8 տարիներին ժողովուրդը լավ ապրելու մասին չպետք է մտածի:
Փաշինյանն էլ հորդորեց հուսահատություն չսերմանել: «Եթե մինչև հիմա չի հաջողվել մի բան, չի նշանակում, որ չի հաջողվելու նաև սրանից հետո: ՀՀ տնտեսության զարգացման հիմնական խոչընդոտն արդարության և օրենքի իշխանության բացակայությունն է: Դրանք հաստատելու դեպքում կապահովվի Հայաստանի կայուն զարգացումը: Վայրկյան անգամ չեմ կասկածում, որ տեսնելու ենք շատ լուրջ արդյունքներ: Փոխվել է մարդկանց տրամադրությունը, երկրի տրամադրությունը, ապրելու արարելու, աշխատելու տրամադրությունը կկանխորոշի հետագա զարգացումը: Համոզված եմ, որ արագ դրական փոփոխություններ են լինելու»,- ասաց նա: