Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը անդրադարձավ դրսում իրականացվող ցույցերին և ոստիկանության գործողույուններին: Ըստ Դավիթ Հարությունյանի, ոստիկանությունը պարտավոր է ապահովել հասարակական կարգը, և ոչ ժողովրդավարական կլիներ, երբ վտանգի առկայության պարագայում, ոստիկանությունը չպահպաներ հասարակական կարգը:
«Այն, որ ոմանք հայտարարում են, թե իրենք ոչ բռնի եղանակով են իրականացնում իրենց գործողությունները, բայց փաստացի որոշ դեպքերում բռնություն են իրականացնում, դա փաստ է: Ոստիկանական շղթա ճեղքելը խոսում է ցույցի ոչ խաղաղ լինելու մասին: Իհարկե դա չի նշանակում, որ ողջ ընթացքում ցույցը խաղաղ չի եղել: Տվյալ դեպքում, քանի որ կային հասարակական կարգի կոպիտ խախտումներ ու բռնության դեպքեր, ուրեմն նորմալ եմ համարում որ ոստիկանությունը հասարակական կարգն է պահպանում»,- ասաց նախարարը:
Դավիթ Հարությունյանի համոզմամբ, ձեռքերը վեր բարձրացնելը, դեռ չի նշանակում, որ ցույցը խաղաղ է:Փաստն այն է, որ շենքերը շրջափակված են, մարդիկ չեն կարողացել տեղաշարժվել: Որոշ դեպքերում ցուցարարների գործողությունները աղերսներ կարող են ունենալ քրեական իրավունքի հետ: Նախարարի խոսքով` ցույցը օրինական չէ:
Այն հարցին, դու՞ր է գալիս նախարարին ստեղծված վիճակը, երբ գործադիրի անդամները դժվարությամբ են մուտք գործում կառավարության շենք, քանի որ այն շրջապատված է ցուցարարների ու ոստիկանների կողմից, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Շատ տարօրինակ կլիներ, եթե ես ասեի` այո, մենք երազում ենք նման պայմաններում իրականացնել կառավարության նիստը: Բայց փաստն այն է, որ ունենք իրավիճակ, երբ մարդիկ օրենքով արգելված գործողություններ են իրականացնում` փորձելով շրջափակել պետական շենքերը: Ստիպված ենք այս իրավիճակում գտնել այլ լուծումներ»,- ասաց նախարարը:
Դավիթ Հարությունյանի խոսքով` ՀՀԿ-ի խնդիրը չէ` հետևել, թե որքան մարդ է մասնակցում ցույցերին, դրա համար կան իրավապահ մարմիններ, որոնք հետևում են: Վիճակը իհարկե, անհանգստացնող է, ըստ նախարարի:Սակայն նա կարծիք հայտնեց, որ ընդդիմադիր ոչ բոլոր ուժերը կարող են հանդուրժել, որ երկիրը զարգանում է, դա նրանց ձեռնտու չէ, ուստի նրանք անում են ամեն ինչ, որ իրավիճակը վատանա:
Խնդիրներ շատ կան, իսկ իշխանությունները անսխալական չեն լինում, ըստ Դավիթ Հարությունյանի: Իշխանությունը փորձում է քիչ քիչ լուծել այդ խնդիրները: