Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Արմենիա» ավիաընկերությունը 2018թ. ապրիլից պատրաստվում է ուղիղ չվերթեր իրականացնել դեպի Եվրոպա, մասնավորապես` Ֆրանսիա և Գերմանիա: Այս մասին այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում հայտարարեց ընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Օգանեսյանը:
Նա հայտնեց, որ բանակցություններ են ընթանում ապրիլին Embraer 190 օդանավը Հայաստան բերելու ուղղությամբ: Դրանով էլ կիրականացվեն դեպի Եվրոպա ուղիղ չվերթերը: Օգանեսյանի խոսքով՝ 110 տեղանոց օդանավը 2009 թ. արտադրության է, բավականաչափ լավ վիճակում:
Ըստ ավիաընկերության գլխավոր տնօրենի` եվրոպական առաջին ուղիղ չվերթը կլինի դեպի Ֆրանսիա՝ Լիոն, որը նախատեսում են իրականացնել ապրիլի 19-ին, իսկ ապրիլի 23-ին նախատեսվում է չվերթ դեպի Գերմանիա՝ Քյոլն: Օգանեսյանը հայտեց, որ արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել Լիոնի և Քյոլնի օդանավակայանների հետ, որոնք համաձայնել են 3 տարի ավիաընկերությանը 50 տոկոս զեղչ տրամադրել: Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը նույնպես պատրաստակամություն է հայտնել զեղչեր սահմանել ուղիղ չվերթերի համար:
«Այս ամենը մեզ հնարավորություն կտա դիմանալու մրցակցությանը: Թեև ռուսական ավիաընկերություններն ավելի էժան չվերթեր են իրականացնում Մոսկվայով կամ Կիևով, սակայն ուղիղ չվերթը մնում է ուղիղ չվերթ»,- նշեց նա՝ հույս հայտնելով, որ շատ զբոսաշրջիկներ կցանկանան օգտվել ուղիղ չվերթերից` մեկնել Եվրոպա կամ ժամանել Հայաստան:
Ամփոփելով անցնող տարին` ընկերության տնօրենը հայտնեց, որ եթե 2016-ի հունիս-դեկտեմբեր ամիսներին ընկերությունն 22 000 ուղևոր է փոխադրել, ապա 2017-ի հունիս–դեկտեմբեր ամիսներին ուղևորների թիվը եղել է 53000: Նրա խոսքով՝ ուղևորահոսքերի աճը պայմանավորված է եղել նոր կանոնավոր և չարթերային չվերթերով:
Օգանեսյանի խոսքով՝ ներկայումս «Արմենիա» ավիաընկերությունն ունի 44 աշխատակից, որոնցից 14-ը բորտուղեկցորդներ են: «Ունենք օդանավի երկու հրամանատար, երկու տարվա ընթացքում վերապատրաստվել է 2 երկրորդ օդաչու, բոլորը երիտասարդ կադրեր են»,- ասաց նա:
Օգանեսյանը հայտնեց, որ այս տարի մոտ 70 տուրիստական գործակալության հետ տոմսերի վաճառքի վերաբերյալ պայմանագիր է կնքվել: