կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-16 15:51
Հասարակություն

Հայաստանի 6 դպրոցներում ձևավորվել են անգլերեն լեզվի ակումբներ

Հայաստանի 6 դպրոցներում ձևավորվել են անգլերեն լեզվի ակումբներ

Ավարտվել է անգլերեն լեզվի ուսուցման ակումբների ձևավորման ծրագիրը, որն իրականացվում էր ՀՀ կառավարության հանրակրթական ուսումնական հաստատություններում օտար լեզուների զարգացման համատեքստում Բրիտանական խորհրդի կողմից՝ Միացյալ Թագավորության Կառավարության հովանավորությամբ «Փոփոխության սերունդ» կրթական նախաձեռնության շրջանակում: ՀՀ ԿԳՆ առաջարկությամբ տարբեր համայնքներում ընտրված թվով 6 դպրոցներում բացվել են անգլերեն լեզվի պարապմունքների ակումբներ՝ նախատեսված 9-16 տարեկան երեխաների համար: Ծրագրում ընդգրկված դպրոցներից 4-ում՝ Երևանի Սիամանթոյի անվան թիվ 162 , Աշտարակի Սմբատ Շահազիզի թիվ 2,  Արարատի թիվ 3 և Հրազդանի թիվ 8 հիմնական դպրոցներում հիմնադրվել են երկուական, իսկ Սևանի Վ. Կարապետյանի անվան թիվ 3 և Վանաձորի Հ. Թումանյանի անվան հիմնական դպրոցներում կահավորվել են մեկական անգլերենի ուսուցման կաբինետներ, որոնք ապահովված են անգլալեզու գրականությամբ, էլեկտրոնային ռեսուրսներով, սմարթ գրատախտակներով և նոր կահավորմամբ: Ընդհանուր առմամբ կահավորվել է 10 անգլերենի ուսուցման դասարան՝ ապահովված ժամանակակից կրթական միջավայրով: Նորաբաց անգլերենի խմբակներում ընդգրկված է 800 երեխա՝ յուրաքանչյուր խմբում առավելագույնը 20 սովորող:

Ծրագրի շրջանակում նշված դպրոցների անգլերենի ուսուցիչները մասնագիտական զարգացման վերապատրաստման կուրսեր են անցել Բրիտանական խորհրդում, ինչպես նաև հունվարի 28-ից փետրվարի 2-ը մասնակցել վերապատրաստման դասընթացների Միացյալ Թագավորության Էդինբուրգի քոլեջում: Միաժամանակ ստեղծվել է մենթոր ուսուցիչների աշխատանքային խումբ, որոնք նպատակ ունեն քննարկել դասավանդման մեթոդների, նյութերի ընտրության և անգլերենի արտադասարանական կրթական ծրագրին առնչվող հարցեր՝ հետագայում փորձի տարածումն ապահովելու նպատակով:

Ծրագրում ընդգրկված վերջին դպրոցը, որտեղ տեղի է ունեցել անգլերենի ակումբի բացման հանդիսավոր արարողություն, Երևանի Սիամանթոյի անվան թիվ 162  հիմնական դպրոցն էր: Արարողությանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, Հայաստանում Միացյալ Թագավորության փոխդեսպան  Էլիսեն Չիկը, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչներ: Շնորհավորելով դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին՝ ԿԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ արագ փոփոխվող աշխարհում, երբ աշխատատեղի կանխատեսումը դարձել է գրեթե անհնար, կրթության կազմակերպումը լուրջ դժվարությունների է բախվում. «Այսօրվա աշակերտներից շատերը աշխատելու են մասնագիտություններով, որոնք դեռ չեն հորինվել: Այսօր կրթությունը կանգնած է ապագա չունեցող մասնագիտությունների ցանկի ճշգրտման խնդրի առջև: Օրինակ՝ կանխատեսվում է, որ հաշվապահությունը ապագա չունի, բժշկության ոլորտում 70 տոկոս ավտոմատացում կարող է տեղի ունենալ, հետևաբար այս ոլորտներոմ մարդկանց փոխարեն կսկսեն աշխատել ռոբոտները կամ ավտոմատ սարքավորումները: Նման պայմաններում կրթության դերը դառնում է գերկարևոր. եթե նախկինում կրթությունը սպասարկում էր տնտեսությանը և աշխատաշուկային, ապա այսօր աշխարհում ստեղծվել է մի իրավիճակ, երբ կրթությունն է որոշում, թե ինչպիսի աշխատատեղեր են լինելու ապագայում: Այս մարտահրավերներով պայմանավորված՝ ստեղծագործ և քննադատաբար մտածելու հմտությունը, որի հիմքում գիտելիքի  հիմնարար  պաշարն է ընկած, առաջնային նշանակություն ունեն: Այս համատեքստում հատկապես փոքր երկրների համար, ինչպիսին Հայաստանն է կարևոր նշանակություն  ունի օտար լեզուների կրթությունը. 3 լեզվի իմացությունը մեզ համար  պարտադիր է: Լեզվի իմացությունը ոչ միայն կրթությունը, ապագան և բիզնեսը կառուցելու հնարավորություն է, այլ նաև մեր ազգային մշակույթը աշխարհին ներկայացնելու, հասանելի դարձնելու և այլ մշակույթների համար բաց լինելու միջոց»,- նշել է Դավիթ Սահակյանը՝ հավելելով, որ անգլերենի ակումբները աշակերտների համար լրացուցիչ քայլ են  դեպի կայուն ապագա: 

 Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Բրիտանական խորհրդին, Միացյալ Թագավորության կառավարությանը, դպրոցի մանկավարժներին՝ ծրագրի իրականացման համար:

Հայաստանում Միացյալ Թագավորության փոխդեսպան Էլիսեն Չիկն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը՝ արդյունավետ համագործակցության համար: Նշելով, որ տարբեր լեզուներով հաղորդակցվելը տեխնոլոգիաների զարգացման արդի ժամանակաշրջանում կարևոր առաքելություն է՝ փոխդեսպանը հույս է հայտնել, որ անգլերենի նորաբաց ակումբները կնպաստեն անգլերենի ուսուցման բարելավմանը և անգլերեն սովորելու նոր, ավելի դյուրին մեթոդի մշակմանը. «Անգլերենի ակումբներ ստեղծելու ծրագիրը մշակելիս՝ մեզ համար կարևոր է եղել ինչպես սովորել և ինչպես սովորեցնել հարցը»,- նշել է փոխդեսպանը:

Նշենք, որ Երևանի Սիամանթոյի անվան թիվ 162  հիմնական դպրոցն անգլերենի ակումբի խմբակներում 5-6-րդ դասարաններում սովորող շուրջ 120 երեխա է ընդգրկված: Դպրոցում իրականացվում է  նաև երրորդ օտար լեզվի և ներառական կրթության ծրագիր:

ՀՀ ԿԳՆ