Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը կողմ է կառավարության նիստերը դռնփակ անցկացնելուն: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ խնդիրն ուրիշ հարթության մեջ է՝ երբ ուղիղ եթերով կառավարության նիստը ցուցադրվում է, շատ խնդիրներ, որոնք աշխատանքային ձևով պետք է քննարկվեին կոլեգաների միջև, քննարկել չի ստացվում։
«Օրինակ՝ նախկինում էլ շատ է եղել, որ կարելի էր դիտողություն անել կամ կարելի էլ ինչ-որ կետի հետ չհամաձայնել, շատ կարևոր հարցադրում չի եղել ու չենք ասել»,-ասաց նա:
Հարցին՝ ցանկացել է դիտողություն անել, բայց կաշկանդվե՞լ է, նախարարը պատասխանեց. «Բնականաբար»:
Նա միևնույն ժամանակ նշեց, որ կառավարության նիստերը հրապարակայնացնելու խնդիրը մի հարց է, կառավարության նիստերն ուղիղ եթեր հեռարձակելու խնդիրը` մեկ այլ։ «Կառավարության նիստերը կարելի է ուղիղ եթերով հեռարձակել, եթե շատ կարևոր, հասարակական մեծ հնչեղություն ունեցող հարց է քննարկում, բայց ընթացիկ նիստերում շատ հաճախ համեմատաբար երկրորդային հարցեր են քննարկվում»,- ասաց նախարարը։
Մկրտչյանի խոսքով՝ անձամբ ինքը կաշկանդվում է իր կոլեգային նկատողություն անել բոլորի ներկայությամբ: Ըստ նրա՝ կարող է նախագծում վրիպակ կամ սխալ լինի, որ ինքը կցանկանա ասել, ու այն կսրբագրվի, սակայն, երբ ամեն բան լուսաբանվում է, այլ ֆոն է ստացվում:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ կաշկանդվում է վարչապետ Կարեն Կարապետյանի դիտողություններից, նախարարը պատասխանեց. «Դիտողության մասին չէ խոսքը, իմ տրամաբանության մեջ ես հակադրությունների վրա չեմ կառուցում գործս, խոսքն աշխատանքային գործընթացի մասին է»:
Նախարարը նաև անդրադարձավ Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի` իր հրաժարականի պահանջին: Մկրտչյանն ընդգծեց, որ Գործատուների միության նախագահը թող մտածի՝ ինքն ինչքանով է կատարում իր անմիջական ֆունկցիաները և ինչքանով է արտահայտում Հայաստանի գործատերերի միության և գործատերերի շահերը։
«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք համարյա բոլոր` և' խոշոր, և' միջին, և' մանր գործատերերի հետ»,- եզրափակեց նախարարը։