Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ռուսական Коммерсантъ թերթն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` երկրում ապրիլի 11-ին արտահերթ նախագահական ընրություններ անցկացնելու որոշմանը: Թերթը նշում է, որ ապրիլին նաև հարևան Հայաստանում պետք է որոշվի` ով կդառնա երկրի վարչապետ:
«Թերթի զրուցակիցները բացատրում են Ալիևի որոշումը ներքին, ոչ թե արտաքին պատճառներով, սակայն հիմնական ինտրիգն այն է` ինչպե՞ս Բաքվում և Երևանում քաղաքական ակտիվությունը կազդի ԼՂ հակամարտության կարգավորման վրա»,- գրում է թերթը:
Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը տվյալ որոշումը բացատրել է այն բանով, որ, մայիսից սկսած, երկրում անցկացվելու են տեղական և միջազգային մակարդակի բազմաթիվ կարևոր միջոցառումներ, որոնց մի մասը համընկնում է ընտրությունների անցկացման հետ:
Թերթի հետ զրույցում ադրբեջանական խորհրդարանի պատգամավոր Արազ Ալիզադեն նույնպես արդարացրել է գարնանն ընտրությունների անցկացումը` նշելով, թե եթե ընտրությունները կայանան աշնանը, ապա նախընտրական արշավը կմեկնարկի ամռանը, մարդիկ պետք է մասնակցեն հանրահավաքների, ինչի հետևանքով գյուղատնտեսությունը կտուժի:
Թերթը զրուցել է նաև հայ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ, ով կարծիք է հայտնել, որ տարվա առաջին կեսին երկու երկրներում ընտրությունների անցկացումը կարող է կողմերին հնարավորություն տալ «ԼՂ հակամարտության վերաբերյալ միջանկյալ որոշում կայացնել, որը պահանջում է ավելի շատ լեգիտիմություն»: Մինչդեռ Հայաստանի իշխող շրջանակներից` լրատվամիջոցի զրուցակիցը այդքան լավատեսական չէ տրամադրված և հայտնել է, որ հակված է Ադրբեջանից սպասել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման:
Միևնույն ժամանակ թերթը նշում է, որ Բաքվում իր զրուցակիցները միաձայն պնդել են, որ ընտրությունների տեղափոխումը ոչ մի կապ չունի Հայաստանի և ԼՂ հակամարտության հետ: