Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Դավոսում հանդիպել է Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեի հետ:
ՀՀ վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել՝ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին Նիդերլանդների կողմից շարունակաբար ցուցաբերվող տեխնիկական և ֆինանսական աջակցության համար, այդ թվում՝ միջազգային ֆինանսական կառույցների՝ ՎԶԵԲ-ի, Համաշխարհային բանկի և ԱՄՀ-ի , ինչպես նաև հոլանդական խմբի միջոցով, որի անդամ է Հայաստանը:
Վարչապետը գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների մասին, ներկայացրել մակրոտնտեսական ցուցանիշներն ու աճի դրական միտումները, նշել, որ ԵԱՏՄ-ի անդամակցությունը, Եվրամիության հետ համագործակցությունն ու հարևան Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունները Հայաստանը հետաքրքիր են դարձնում տարածաշրջանային շուկաներ մուտք գործելու առումով:
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրամիության հարաբերություններին և անցած տարվա նոյեմբերին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ընձեռված հնարավորություններին:
Վարչապետ Կարապետյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից գյուղատնտեսության բնագավառում մեկնարկած բարեփոխումները՝ ընդգծելով, որ այստեղ փոխգործակցության մեծ ներուժ է առկա:
«Մենք չափազանց հետաքրքրված ենք Նիդերլանդների՝ որպես գյուղատնտեսության ոլորտում աշխարհում առանցքային նշանակություն ունեցող երկրներից մեկի փորձով և գիտելիքներով», - ընդգծել է Կարեն Կարապետյանը:
Մարկ Ռուտեն իր հերթին նշել է, որ Նիդերլանդները գյուղատնտեսության արտադրանքի ծավալներով աշխարհում երկրորդ երկիրն է, և իրենք ուրախ կլինեն կիսվել այդ բնագավառում իրենց փորձով ու պատրաստակամ են գործնական քայլեր իրականացնել այդ ուղղությամբ: