Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոր տարին շատ հանգիստ են դիմավորել, սահմանին կրակոցների քանակը նվազել է. այսօր Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով Yerkir.am-ի համապատասխան հարցին, ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:
Անդրադառնալով երեկ Արցախում 19-ամյա զինծառայողի մահվան դեպքին` ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ասաց. «Առաջնագծում կորուստ ենք ունեցել հակառակորդի դիպուկահարի կրակոցից: Փաստ է, որ մեր զինվորը որևէ խախտում չի արել և խոցվել է հակառակորդի կողմից»:
Մովսես Հակոբյանի խոսքով՝ հրամանատարը, ով գնացել է` զինծառայողին օգնություն ցուցաբերելու, ևս վիրավորվել է: Մեկ այլ զինծառայող էլ վիրավորում է ստացել մեքենայում՝ դեպքի վայր շտապելիս հայտնվելով կրակոցների թիրախում:
Նա հայտնեց, որ երկու վիրավորների վնասվածքներն էլ թեթև են: «Ուզում եմ առանձնացնել սպայի սխրագործությունը, նա մեկ վայրկյան չի մտածել, նետվել է` իր զինվորի կյանքը փրկելու»,- ասաց Հակոբյանն ու հավելեց. «Հակառակորդն տարբեր ձևեր է մտածում զինվորին խոցելու համար»:
Ավելի վաղ հայտնել ենք, որ 2018 թվականի հունվարի 7-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով ձախ թիկնային շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վաչե Նվերի Չիլինգարյանը:
Նկատելով կատարվածը՝ զինծառայողին օգնության են շտապել նախ ավագ լեյտենանտ Ե.Մուսինյանը, ապա՝ պայմանագրային զինծառայող, վարորդ Դ.Վանյանը, ովքեր ևս հակառակորդի կողմից արձակած կրակոցների հետևանքով ստացել են հրազենային վիրավորումներ: Նրանք տեղափոխվել են զինհոսպիտալ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։