Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արմավիրի մարզի Արշալույս գյուղի 23-ամյա Լուսինե Պողոսյանն այսօր առավոտյան լույս աշխարհ է բերել միանգամից 5 զավակ` չորս աղջիկ և մեկ տղա։ Երիտասարդ կնոջ հղիության վարումն ու ծննդալուծումն իրականացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում։
Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ ծննդօգնության գծով տնօրեն Անդրանիկ Պողոսյանը, շտապ բժշկական ցուցումով, կեսարյան հատման ճանապարհով կնոջը ծննդալուծել է հղիության 28 շաբաթական ժամկետում։ Հաշվի առնելով սպասվող նորածինների վիճակը` խոր անհասություն և ծայրահեղ ցածր քաշ, մինչև կեսարյան հատումը սկսելը ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ. «Մուրացան» բժշկական համալիրից հրավիրվել է արագ արձագանքման ռեանիմոբիլը, միաժամանակ նախապատրաստվել է «Էրեբունի» ԲԿ-ի երկրորդ ռեանիմոբիլը` նորածիններին, ըստ անհրաժեշտության, համապատասխան կլինիկաներ տեղափոխելու համար։
Փոքրիկները լույս աշխարհ են եկել 600, 820, 840, 840 և 880 գրամ քաշով։ Անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումներ ցուցաբերելուց անմիջապես հետո նորածիններից երկուսը` տղան և աղջիկներից մեկը, տեղափոխվել են «Մուրացան» բժշկական համալիր` ՀՀ ԱՆ գլխավոր մանկական ռեանիմատոլոգ Հրանտ Կալենտերյանի հսկողության ներքո։ Նույն ժամանակ նորածիններից մեկը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի, իսկ մյուսը` Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքներ։ Փոքրիկներից մեկը մնացել է «Էրեբունի» ԲԿ-ի նորածնային վերակենդանացման բաժանմունքում։
Բոլոր փոքրիկները կյանքի առաջին իսկ րոպեներին ինտուբացվել են, ապա կլինիկաներում նրանց միացվել են արհեստական շնչառական սարքեր։
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում ՀՀ ԱՆ գլխավոր նեոնատոլոգ Պավել Մազմանյանի հսկողության տակ գտնվող փոքրիկը ժամը 12-ի դրությամբ սկսել է շնչել առանց արհեստական շնչառական սարքի։
Այս պահին 5 նորածնի առողջական վիճակը մասնագետները գնահատում են ծայրահեղ ծանր։ Նրանց բուժման ընթացքը գտնվում է նախարարության և անձամբ նախարարի ուշադրության կենտրոնում: Մասնագետներն ամեն ինչ անում են` փոքրիկների կյանքը փրկելու համար։