կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-19 12:15
Քաղաքական

Խորհրդարանը վերակացուի դեր չպետք է կատարի. Նիկոլ Փաշինյան

Խորհրդարանը վերակացուի դեր չպետք է կատարի. Նիկոլ Փաշինյան

ԱԺ արտահերթ նիստի մեկնարկին «Ելք» խմբակցության պատգամավորները բողոքեցին, որ կարևորագույն հարցերը 24 ժամվա քննարկման ռեժիմով են բերվում խորհրդարան։ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն առաջարկեց, որ էներգետիկայի մասին օրենքը ևս քննարկվի 90 րոպե տևողությամբ, բացի այդ` նա դժգոհ էր պատգամավորների գրանցման պատկերից: Փաշինյանը նշեց, որ դահլիճում բացակա պատգամավորներ կան, սակայն նրանց փոխարեն գրանցվել են:

«Խորհրդարանը վերակացուի դեր չպետք է կատարի»,- ասաց պատգամավորը:

Արտակ Զեյնալյանն էլ ընդգծեց, որ շատ կարճ ժամանակ է տրվում կարևորագույն օրենքների քննարկման համար, ինչը կառավարության սխալ աշխատանքի արդյունքն է:

«Ելք»-ի մեկ այլ պատգամավոր` Էդմոն Մարուքյանն էլ ասաց. «Տանել նման օրենքները նման քննարկման սխալ է: Ազգային ժողովը կառավարության գերին չէ: Մենք չե՞նք կարողանում ասել, որ օրենքները 1 ամիս շուտ ուղարկեն: Սենց չի լինի, պարո'ն Բաբլոյան ջան»։

«Ելք»-ի բողոքին միացավ նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝  նշելով, որ կառավարության որդեգրած գործելաոճն ընդունելի չէ։ «Ես հասկանում եմ, որ 21-րդ դարն արհեստական ինտելեկտի դար է, բայց դա դեռ ՀՀ չի հասել: Ովքեր հանդիսանում են կոճակ սեղմող` դակելու համար, միգուցե շատ են, բայց «Ելքն» ու «Ծառուկյան» դաշինքը այդ «սրբազան» պարտքը կատարելու ջատագովը չեն»,- հայտարարեց նա:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հորդորեց շարունակել աշխատանքները։ «Քվեարկությունն ավարտել ենք արդեն, ըստ դրանց էլ` պետք է աշխատել։ Յուրաքանչյուր պատգամավոր իր կարծիքն արտահայտում է քվեարկությամբ: Ավելորդ կրքերի բորբոքումը շահեկան չէ հենց մեր իսկ աշխատանքների համար: 4 հոգի է ընդամենը դեմ քվեարկել»,- ասաց նա։

Նշենք, որ օրակարգին դեմ քվեարկեց «Ելք» խմբակցության 4 պատգամավոր: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ օրակարգից դուրս կգան «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծերը: