կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-06 11:52
Քաղաքական

Հայաստանի նոր խորհրդարանը չպետք է լինի կառավարության կցորդը. Իշխան Սաղաթելյան

Հայաստանի նոր խորհրդարանը չպետք է լինի կառավարության կցորդը. Իշխան Սաղաթելյան

Առաջիկա խորհրդարանական ընտրությունները մեր երկրի համար ունեն կարևոր և ճակատագրական նշանակություն: Այս մասին Սևանում ՀՅԴ քարոզարշավի ժամանակ հայտարարեց Գեղարքունիքի նախկին մարզպետ, նույն մարզից ՀՅԴ վարկանիշային թեկնածու Իշխան Սաղաթելյանը:

«Ընտրարշավին մնացել է ընդամենը երկու օր, անցած 10 օրերի ընթացքում մենք, դժբախտաբար, չտեսանք Հայաստանի զարգացման տեսլականի շուրջ բանավեճ, տեսանք հնի և նորի, սևի և սպիտակի, հեղափոխականի և հակահեղափոխականի բուռն պայքար, որն ուղեկցվեց փոխադարձ վիրավորանքներով, հայհոյանքներով և պիտակավորումներով: Ոչ մի խոսք չեղավ Հայաստանի ապագայի, երեխաների վաղվա օրվա, տարեցների թոշակների, զինվորի, երկրի սահմանների, ուսուցիչների, պետական ծառայողների մասին, այն ուսուցիչների ու ծառայողների, որոնց պատրաստվում են առաջիկայում կրճատել և դարձնել գործազուրկ»,- ասաց նա:

Ըստ Սաղաթելյանի` չի խոսվել նաև երկրի ապագայի մասին:  «Ոչ մի խոսք ապագայի մասին, որովհետև ապագայի մասին խոսելը դժվար է և պատասխանատու: Հեշտ է խոսել անցյալից` դու գող ես, դու` սուտասան: Այսպես խոսելը հեշտ է, բայց արդեն ժամանակն է, պետք է կանգ առնել: Պետք է մտածել մեր երկրի զարգացման և կառուցման մասին: Մենք պետք է համախմբենք մեր բոլոր ուժերը և գնանք երկրում համակարգային իրական բարեփոխումների` օգտագործելով մեր ողջ ներուժը, սփյուռքի ներուժը, համայն հայության ներուժը»,- շեշտեց նա:

Սաղաթելյանի խոսքով` դրա համար անհրաժեշտ է, որ Հայաստանն ունենա իրական` քաղաքական կուսակցություններից և գործիչներից բաղկացած խորհրդարան: Դիմելով հավաքվածներին`պատգամավորի թեկնածուն ասաց. «Մենք մեր թիմի անդամներով այս ընթացքում եղել ենք մարզի բոլոր գյուղերում, ես հանդիպում եմ ունեցել 30-ից ավելի համայնքներում: Հանդիպումների ժամանակ մարդկանց վրա տպավորություն թողնելու համար բարդ ստորադասական նախադասություններ, քաղաքագիտական, տնտեսագիտական տերմիններ չեմ օգտագործել, Գեղարքունիքի մարզի բնակչին կարճ, պարզ ու հասարակ ասել եմ` այս անգամ խաբվելու իրավունք չունեք, այս անգամ պետք է կատարեք ճիշտ ընտրություն, պետք է ընտրեք այն մարդկանց, որոնք կանգնել են ձեր կողքին, ծանոթ են այս մարզի խնդիրներին և գիտեն դրանց լուծման ճանապարհները»:

Սաղաթելյանի խոսքով` չի կարելի թույլ տալ, որ Հայաստանում լինի մեկ մարդու կուսակցություն, մեկ մարդու իշխանություն: «Հայաստանում այլևս պետք է տիրի բազմակարծություն, Հայաստանի նոր խորհրդարանը չպետք է լինի կառավարության կցորդը, ընդհակառակը` պետք է ամենօրյա և լուրջ դերակատարում ունենա մեր երկրի կառավարաման գործում, պետք է կառավարությանը վերահսկողի, զսպաշապիկի դեր իրականացնի: Սրա համար պետք է ընդամենը կատարել ճիշտ ընտրություն: Մեր մարզում կան բազմաթիվ ռեյտինգային թեկնածուներ, նայեք նրանց կենսագրությունը, նրանց անցած ճանապարհը, տեսեք` արդյո՞ք այդ մարդիկ ի վիճակի են վաղը ձեզ ներկայացնել խորհրդարանում, զբաղվել խորհրդարանական դիվանագիտությամբ, երկիրը պատշաճ ներկայացնել դրսում: Այս հարցերի պատասխանը գտնելուց հետո ձեր ընտրությունը բավականին հեշտանալու է: Նայեք կենսագրությունները, պաստառները: Ի՞նչ ունեն հիմա շատ` պաստառ և բուկլետ, արդեն իրար վրա են կպցնում: Գնում են համայնքներ` մարդկանց հետ հանդիպելու և իրենց ծրագրերը, անելիքները ներկայացնելու փոխարեն ամեն կերպ փորձում են բնակչությանը համոզել, որ իրենք վարչապետի հետ մոտ են ավելի, քան իրենց կուսակցությունից առաջադրված մեկ այլ թեկնածու, որովհետև ուրիշ ասելիք չունեն»,- ասաց նա:

Սաղաթելյանը նշեց, որ պետք է ընդամենը մեկ բան հասկանալ` ՀՀ-ում մենք կարող ենք ունենալ հպարտ և ազատ քաղաքացի միայն  այն դեպքում, եթե հայ մարդն ապրի բարեկեցիկ, սոցիալապես ապահով, տնտեսապես անկախ և ամենակարևորը` լինի պաշտպանված. հայ քաղաքացին հասկանա, որ կարծիք հայտնելու համար իրեն աշխատանքից չեն ազատի, իր բիզնեսը ձեռքից չեն խլի:

«ՀՅԴ-ն այն քաղաքական ուժն է, որն իր անցած ճանապարհով, փորձառությամբ, սփյուռքի` իր համայն ուժերով ի վիճակի է կառուցել հզոր Հայաստան: Հայաստան, որտեղ հայ քաղաքացին ազատ է, որտեղ մարդն աշխատելու, առաջ գնալու, ստեղծելու հնարավորություն ունի, որտեղ հայ ուսուցիչն ու մտավորականը տվյալ երկրի ամենահարգված քաղաքացիներն են, որոնք ունեն կայուն և բարձր աշխատավարձ: Հայաստան, որտեղ հայ երեխաներն ունեն անհոգ մանկություն, իսկ տարեցներն` ապահով ծերություն: Հայաստան, որը կունենա աշխարհի ամենահզոր բանակը, ամուր ու պաշտպանված սահմաններ, և Հայաստան, որտեղից ոչ ոք չի ցանկանա արտագաղթել, այլ կցանկանա վերադառնալ: Դաշնակցությունը դա կարող է անել»,- եզրափակեց Իշխան Սաղաթելյանը: