|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիայում գյուլենականների հերթական որսն է սկսվել: Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ այս անգամ կասկածի տակ է առնվել հայտնի ALES (Ակադեմիական անձնակազմի և հետբուհական կրթության ընդունելության) քննությունների թափանցիկությունը:
Ըստ Ermenihaber-ի՝ դատախազությունը կասկածներ ունի, որ գյուլենական համայնքին (FETÖ) հաջողվել է ապօրինաբար ձեռք բերել և կառույցի անդամներին բաժանել 2005-2013թթ. անցկացված բոլոր ALES քննությունների հարցաշարերը, ինչի արդյունքում շուրջ 20.000 ենթադրյալ գյուլենականներ հաջողությամբ հանձնել են քննություններն ու գիտական տարբեր աստիճաններ ու պաշտոններ ստացել:
Դատախազության կողմից ուսումնասիրվել են նշված ժամանակահատվածում անցկացված բոլոր 16 ALES քննությունները, և հաստատվել է, որ բոլոր քննությունների հարցաշարերը նախապես գողացվել են FETÖ-ի կողմից, ու համայնքի ներկայացուցիչները հատուկ պատրաստվել են այդ քննություններին: Հետաքննության շրջանակներում ուսումնասիրվում են կասկածյալների մասնակցությամբ անցկացված քննություններն ու բոլոր կասկածյալների ստացած գնահատականները:
ALES-ը բարեհաջող հանձնած մի շարք կասկածյալներ քննությունների կազմակերպմամբ և վերահսկմամբ զբաղվող թուրքական ÖSYM կառույցի կողմից կրկնակի «համարժեք» քննության են ենթարկվել: Պարզվել է, որ մեծ թվով մասնակիցներ, ովքեր արտակարգ արդյունքներ են գրանցել առաջին անգամ ALES քննության ժամանակ, երկրորդ քննությունը ձախողել են: Աղբյուրի պնդմամբ՝ եղել են նաև ակադեմիկոսներ, ովքեր բարձր գնահատականներ են ստացել ALES-ի շրջանակներում անցկացված օտար լեզուների քննություններից, մինչդեռ իրականում այդ լեզուներին բոլորովին չեն տիրապետել: