Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր պաշտպանական ճառով հանդես եկավ ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց, նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով` ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերել, փոխադրել և պահել, ինչպես նաև փոխարկման արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված գույք ձեռք բերել:
Սամվել Բաբայանն այսօր իր ճառում հակադարձեց մեղադրող դատախազի՝ մեղադրանքը հիմնավորող փաստարակներին՝ նշելով, որ այն ամբողջությամբ հիմնված է եղել ենթադրությունների վրա: Նրա խոսքով՝ մեղադրողն իր ճառում որևէ տեղ չի անդրադարձել այն հանգամանքին, որ գործով ամբաստանյալներ Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը հրաժարվել են «Իգլա»-ի խողովակը ձեռք բերելու մտքից: «Անտրամաբանական է` եթե ապրանք չկար, ինչի՞ դիմաց ես պետք է փող տայի»,- նշեց նա:
Բաբայանը պատմեց, որ երբ քննիչն իրեն հարցրել է «Իգլա»-ի հրթիռի մասին, ինքը նրան պատասխանել է, որ դա ընդամենը հրթիռի մի մասնիկ է՝ խողովակ: ««Իգլա»-ն ինձ հետ որևիցե կապ չունի, իմ դեմ որևէ փաստ չկա»,- ասաց նա՝ հերթական անգամ շեշտելով, որ ինքը հանցանք չի կատարել:
Անդրադառնալով փողերի լվացման մեղադրանքին` Բաբայանն ասաց, որ դրանում ևս որևէ հանցակազմ չկա, որ ընդամենն իրեն պարտք եղած գումարն են ուղարկել: Նրա խոսքով՝ թղթադրամներն ուղարկելու դեպքից 8 ամիս անց են միայն իրեն հարցրել փողերի լվացման մասին: «Առաջին իսկ րոպեից, երբ ինձ ձերբակալել են, ոչ մեկն ինձ չի հարցրել` որտեղից է այդ գումարը: Երբ հասկացել են, որ հրթիռի մեղադրանքը թույլ է, փողերի լվացումը քաշել-կապել են պոչին»,- ասաց ամբաստանյալը:
Այնուհետև Բաբայանն անդրադարձավ իր մասնագիտական գործունեությունն ու անցած ուղին կասկածի տակ դնողներին: «Եթե ինչ-որ մարդիկ կասկածում են իմ մասնագիտական գործունեության վրա, ասեմ, որ հրամանատար նշանակվել եմ 1992-ին, երբ Հայաստանի պաշտպանության նախարարը հրաժարական տվեց, իսկ Ղարաբաղի բանակի հրամանատարը Ջերմուկում բուժվում էր (խոսքը 1992 թվականի փետրվարի 29-ին ստեղծված ինքնապաշտպանական ուժերի (ԻՊՈՒ)-ի մասին է: Սամվել Բաբայանը ԻՊՈՒ-ի հրամանատար է նշանակվել 1992 թվականի հոկտեմբերին.-խմբ.)»,- ասաց նա:
Բաբայանն անդրադարձավ նաև իր հրամանատարության օրոք ազատագրված տարածքներին: «22400 տարածք է եղել, ես ձեզ հանձնել եմ 12700 ք.կմ: Իմ անմիջական ղեկավարության օրոք, կառավարման և տարբեր օպերացիաների արդյունքում, հակառակորդի 19 ինքնաթիռ ու 17 ուղղաթիռ է խոցվել, որից 10-ը «Իգլա»-ներով: Էդ դեպքում ո՞վ պետք է գնահատական տա, թե ես ոնց եմ ծառայել էս երկրին»,- հայտարարեց նա:
«Չեմ ուզում քաղաքականացնել, բայց դուք էլ մի' քաղաքականացրեք: Կարող եմ փաստեր բերել, որ ամաչեք, որ չգիտեք ձեր պատմությունը»,- խոսքն ուղղելով մեղադրող դատախազին` ասաց Բաբայանը:
«Ուղղակի կարելի է օրենքը թեթև շրջանցել, բայց չի կարելի օրենքը տրորել, թքել պետության վրա: Եթե ուզում եք պետություն դառնալ, սրանով հարց չեք լուծելու: Բաբայանը մի տարի ավելի նստի, մի տարի պակաս՝, դուք հարց չեք լուծի»,- եզրափակելով խոսքը` ասաց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարը:
Հիշեցնենք, որ մեղադրող դատախազ Արամ Արամյանը Սամվել Բաբայանի համար 7 տարվա ազատազրկում է պահանջում: