Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ հայտարարությունների ժամին ելույթ ունեցավ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա նախ պատասխանեց ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանին, ով հայտարարել էր, որ առևտրականների խնդիրների բարձրաձայնումը «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների կողմից չափազանցված է, և շոու են դարձրել այդ խնդիրը:
«Առավոտյան այս հատվածից մի դժգույն ու անդեմ ձայն ներկայացրեց այս իշխանության ողջ մեխանիկան` պատահականություն: Այսպիսով` մարդիկ պատահաբար գալիս են ԱԺ, պատահաբար ԱԺ շենքի մոտ հանդիպում ցուցարարների և պատահաբար իմանում, որ մեր երկրում կան սոցիալական խավեր, որոնք ունեն դժգոհություն, որ մեր երկրում տևական ժամանակ է` փոքր և միջին ձեռներեցությամբ զբաղվողների նկատմամբ իրականացվում է հարկային տեռոր: Պատահական այս մարդիկ պատահաբար իմանում են, երևի, որ գործազրկությունը, արտագաղթը աղքատությունը խփել են բոլոր օլիմպիական ռեկորդները: Ինչո՞ւ է այդպես, որովհետև այդ մարդիկ են պատահական»,- պատասխանեց Զոհրաբյանը Եսայանին:
Պատգամավորը կրկնեց, որ իրենք թույլ չեն տալու այս երևույթը: ««Ծառուկյան» դաշինքը, ԲՀԿ-ն ունի այն ներուժը, որ թույլ չտա` մարդկանց քննեն, ինչ-որ անօրինական քննությունների ենթարկեն, այդ թվում` գնորդներին: Սա անթույլատրելի է»,- ասաց նա, ապա հավելեց. «Բյուջե եք ուզում լցնել, մենք ասացինք` գնացեք ձեր «գազային» դղյակների իրական պատմությունները ուսումնասիրեք»:
Զոհրաբյանը նշեց, որ խորհրդարանական հարթակն օգտագործելու են, հատ-հատ` անուններով, այդ ամենը բացահայտելու:
«Այն գումարը, որ ուզում եք քերթել փոքր ու միջին բիզնեսից, ընդամենը ձեր մի քանի օրվա պերերիվի փողն է: Դրանով դուք վստահաբար բյուջե չեք լցնելու»,- ասաց նա:
Պատգամավորն ընդգծեց, որ եթե գազի ու բենզինի ոլորտի, ինչպես նաև այլ ոլորտների չարաշահումները, որ եղել են, հետ բերենք, մեր պետական պարտքը զգալիորեն նվազելու է:
«Կանգ առեք, սոցիալական զգայուն խավը` փոքր և միջին ձեռներեցները, որոնք մի կերպ գոյատևում են, նրանց էլ մի' սարքեք, ճամպրուկը ձեռքին, «Զվարթնոց» օդանավակայանի հաճախորդ»,- ասաց Զոհրաբյանը, ապա հավելեց. «Եթե սա է ձեր քաղաքականությունը` չկա մարդ, չկա պրոբլեմ, ապա «Ծառուկյան» դաշինքը թույլ չի տալու ձեր այդ քաղաքականությունն իրականացնել»,- հայտարարեց Զոհրաբյանը: