կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-17 13:53
Քաղաքական

Լինելու ենք յուրաքանչյուր ներդրողի կողքին. Հովիկ Աբրահամյանը սկսեց փոքր եւ միջին բիզնեսից

Լինելու ենք յուրաքանչյուր ներդրողի կողքին. Հովիկ Աբրահամյանը սկսեց փոքր եւ միջին բիզնեսից

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր պաշտոնն ստանձնելուց հետո այսօր առաջին անգամ վարել է ՀՀ կառավարության հերթական նիստը:

 

Կառավարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նիստում քննարկվել է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որով առաջարկվում է վերացնել ՀԴՄ-ների կիրառման և դրանց միջոցով հաշվարկների կանոնները չպահպանելու դեպքերի համար օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառության մոտեցումները, ինչպես նաև շեշտակի նվազեցնել սահմանված պատասխանատվության չափերը, ինչին դեմ է կառավարությունը:

 

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրենքի համաձայն` ներդրումային ծրագրերով ներմուծվող ապրանքների 300 մլն դրամ արժեքային սահմանաչափը, որը կիրառվում է ԱԱՀ-ի գումարի վճարման ժամկետի հետաձգման նպատակով, 2014թ. հունվարի 1-ից փոխարինվել է 200 մլն դրամով: Գործադրի որոշմամբ` համապատասխան փոփոխություններ են կատարվել վերը նշված օրենքի կիրարկումն ապահովող կառավարության նախկին որոշման մեջ:

 

Որոշման նախագծերի քննարկման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է երկրում փոքր և միջին բիզնեսի զարգացման հարցին:

 

«Հարգելի գործընկերներ, մենք սկսելու ենք մի գործընթաց և մեր ապագա կառավարության, երկրի նախագահի և բոլորիս ցանկությունն է, որպեսզի փոքր և միջին բիզնեսի համար ստեղծենք շատ բարենպաստ պայմաններ և բարենպաստ հարկային դաշտ:

 

Առաջիկայում մենք ՓՄՁ-ների ծրագրերին ընդառաջ շատ լավ քայլեր ենք անելու: Մեծ հնարավորություն ենք ստեղծելու, որպեսզի ՓՄՁ-ն մեր երկրում զարգանա: Լինելու ենք յուրաքանչյուր ներդրողի կողքին, և այդ հարցը կառավարության կազմը ձևավորելուց հետո մանրամասն կքննարկենք: Շատ մեծ քայլեր ենք կատարելու, որպեսզի բիզնես դաշտում ապահովենք մեծ ներդրումների հնարավորություն յուրաքանչյուր գործարարի համար:

 

Պետությունն իր բոլոր լծակներով պետք է աջակցի, որպեսզի այն գործարարը, որն իր բիզնեսն իրականացնելու է օրենքի շրջանակում, որևէ կառույցից որևէ խոչընդոտ չստանա: Դա սկզբունքային որոշում է լինելու նաև իմ կողմից»,- ասել է կառավարության ղեկավարը:

: