| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանի և դեսպանության աջակցությամբ, լիբանանահայ գործարար, բարերար Կարապետ Պապահեքյանի նախաձեռնությամբ Հայաստան է բերվել և ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ին է տրամադրվել լիբանանյան մայրու 250 տնկի։ Նախաձեռնության հեղինակները «Հայանտառ»-ի ներկայացուցիչների հետ համաձայնության են եկել, որ նախ փոքր չափաքանակի (250 հատ) տնկի բերվի Հայաստան։
Տնկիների հաջող աճի պարագայում ևս 2000 տնկի կբերվի։ Լիբանանի Բուրջ Համուդի քաղաքապետարանը ևս պատրաստակամություն է հայտնել տրամադրել մայրու 3000 հատ տնկի։ Մայրու առանձնահատկությունն այն է, որ ծառատեսակն աճում է հիմնականում լեռնային և քարքարոտ վայրերում։ Մայրիների առկայությունը Հայաստանի համար կարող է էկոլոգիական և ջրակարգավորիչ լուրջ նշանակություն ունենալ։
Վերջնական եզրակացության համար՝ տնկիները կպչում են, թե ոչ, կպահանջվի առնվազն երկու տարի։ Տնկիների կպչողականությունը կփորձարկվի Հայաստանի բոլոր մարզերում և տարբեր բարձրությունների վրա։ Եթե փորձը հաջող անցնի, լիբանանյան մայրիների անտառ կունենանք, իսկ առավել նպաստավոր պայմաններում հայ-լիբանանյան բարեկամության մայրիների պուրակ կհիմնվի։
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի լրատվական ծառայություն