Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հայտարարություն է տարածել Վահան Արծրունու՝ «Զվարթնոց» տաճարում կայանալիք համերգի չեղարկման կապակցությամբ:
«Վահան Արծրունու չկայացած համերգի շուրջ մեկնաբանությունները վերջին օրերին անցել են վիրավորանքի բոլոր սահմանները , ուստի հարկ եմ համարում մեկ անգամ ևս հրապարակավ բարձրաձայնել , որ ո՛չ մշակույթի նախարարությունը, ո՛չ էլ նախարարության համապատասխան ՊՈԱԿ ը նրա համերգի կազմակերպման, բնականաբար նաև հետագա ճակատագրի հետ որևէ առնչություն չեն ունեցել (համերգի կազմակերպիչ «Շարմ» ընկերությունը համերգի համար տարածքի վարձակալության պայմանագիր չի ունեցել նույնիսկ): Հնչած բոլոր մեղադրանքները, որակումները, ենթադրություններն ու մեկնաբանությունները բացարձակ սուտ են և բանսարկություն:
Համերգի հեղինակ Վահան Արծրունուն և համերգի կազմակերպիչ «Շարմ» ընկերությանը հրավիրում եմ նախարարություն՝ լրագրողների ներկայությամբ դեմ առ դեմ միասին զրուցելու , փաստերով բացահայտելու համերգի չկայանալու պատճառներն ու մեղավորին: Առանց փաստերի և ենթադրությունների վրա արված մեկնաբանությունները համարում եմ ամեն գնով նախարարությանը քննադատելու միտումնավորություն:
Հարկ եմ համարում նաև ավելացնել, որ որևէ արվեստագետ , այդ թվում Վահան Արծրունին, ազատորեն կարող են իրենց ստեղծագործությունները ներկայացնել մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող ցանկացած սրահում կամ հարթակում՝ նախապես կնքելով պայմանագիր: Եթե կծագեն ֆինանսական դժվարություններ, ապա նախարարությունը պատրաստ է ֆինանսապես մասնակիորեն օժանդակել ( մինչ օրս այդպես էլ եղել է): Կրկին հայտնում եմ համերգի չկայանալու մեղավորին բացահայտելու պատրաստակամությունս»,- ասվում է Արմեն Ամիրյանի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Վահան Արծրունին «Զվարթնոց»-ում «Մաշտոց-Կոմիտաս» խորագրով համերգով պետք է հանդես գար, սակայն համերգը չեղարկվել է՝ «Շարմի» պարզաբանությամբ՝ տոմսերի ոչ բավարար վաճառքի և եղանակային պայմաններից ելնելով: Ուշագրավ է այն հանգամանքը, որ տոմսերի կեսից ավելին արդեն իսկ վաճառված է եղել: Մշակույթի նախարարն էլ պնդում է, որ համերգը չեղարկվել է, քանի որ նախարարության հետ կանխավ պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Այս ամենից տուժել է մեկը՝ Վահան Արծրունին, նաև` նրա հանդիսատեսը, քանի որ պատմությունն իրականում բոլորովին այլ ենթատեքստ ունի՝ մշակութային քաղաքականության կամ քաղաքականության ուղղակի ազդեցությամբ: