Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկվանից համացանցում բուռն քննարկման առարկա են դարձել Կարմիր գրքում գրանցված անգղների հետ արված լուսանկարները: Երեկ արդեն հայտնի դարձավ, որ թռչունների հետ լուսանկարված տղամարդկանցից մեկը Արմավիրի մարզի Շենավան գյուղի գյուղապետ Արթուր Մկրտչյանն է:
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, խոսելով այդ մասին, նշեց, որ արարքը ոչ միայն դատապարտելի է, այլև մեղավորները պետք է խստագույնս պատժի ենթարկվեն:
«Ոչ միայն դատապարտելի է, պետք է խստագույնս պատժի ենթարկվեն անձինք, ովքեր կենդանական աշխարհի նկատմամբ նման վայրագություն են ցուցաբերում: Սա իսկապես վայրագություն է, իսկ գործողությունների հրապարակումը կրկնակի դատապարտելի պետք է լինի»,- ասաց նա:
Մինասյանը նաև նշեց, որ ոստիկանությունը հրապարակել է գործողությունների վերաբերյալ այս պահի դրությամբ առկա տեղեկատվությունը:
«Երեկ հրապարակումից անմիջապես հետո ոստիկանության հետ համատեղ, նաև` տեսչական մարմնի ներգրավմամբ ձեռնարկվել են գործողություններ, և ոստիկանությունը շատ արագ պարզել է, որ պետհամարանիշը խոտանված է դեռ 2013 թվականից»,- հայտնեց նա:
Ըստ նախարարի` սա հանցագործություն է, և նյութերի հավաքագրումից հետո քրեական գործ կհարուցվի, ու մեղավորները արժանի պատիժ կկրեն:
Նա ասաց, որ այս պահին այլ խնդիր ունեն: «Պետք է ուժեղացնենք քրեական պատասխանատվությամբ պաշտպանության համակարգը, որովհետև այսօրվա գործող օրենսդրությունը, իմ գնահատմամբ, բավականին մեղմ է նման հանցագործությունների համար: Աառհասարակ, որսի կանոնների փոփոխություններ ենք մտադիր իրականացնել»,- հայտնեց Մինասյանը:
Ըստ նրա` հայտնի չէ, թե որ տարածքում է տեղի ունեցել դեպքը, բայց ենթադրեց` քանի որ անգղի այս տեսակները կան Լոռու և Սյունիքի մարզում, հավանաբար, այդ շրջանում է եղել դեպքը:
Հարցին` Շենավանի գյուղապետը հաճախ է նման միջադեպերի մեջ հայտնվում, նույնիսկ իր որսորդական ատրճանակով կրակել է հարևանի վրա, տարօրինակ չէ՞, որ հիմա էլ այս դեպքը եղավ, նախարարն արձագանքեց. «Անմեղության կանխավարկածը կա, և կա գործի քննության ընթացակարգ, դա իմ իրավասություններից դուրս հարց է»:
Yerkir.am-ի դիտարկմանը, որ համայնքապետը պարզաբանել է` 2007 թվականի լուսանկար է դա, նա արձագանքեց. «Այդ պարզաբանումները գործի քննության ընթացքում կպարզվեն, մեր միասնական մոտեցումն այն է, որ արարք կատարողները եթե կան, որոնք անպարտաճանաչ են գործել` լինեն համայնքային կամ պետական պաշտոնյաներ, պետք է ենթարկվեն պատասխանատվության»:
Դիտարկմանն էլ` եթե 2007-ին է եղել դեպքը, նա պետք է պատիժը կրած լիներ, Մինասյանը պատասխանեց, որ երբ կատարողները լիարժեք կբացահայտվեն, նոր կխոսեն պատժի համարժեքության և ժամկետայնության մասին:
Նշենք, որ Yerkir.am-հետ զրույցում Շենավանի համայնքապետն ասել է. «Դժվար չի պարզել, որ էս նկարը 7 տարի ա` օդնակլասնիկիս սայթում քցած ա: Վերցրել, դրել են` «Ֆեյսբուք»-ով հրապարակել», մենք անգղ չենք որսացել»: