Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ոստիկանությունը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ ԱԱԾ նախկի տնօրեն Գորիկ Հակոբյանի մահվան կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև:
«Կյանքից հեռացավ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության երկարամյա ղեկավար, գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը․ քաղաքացի, ում ողջ կյանքը նվիրված էր պետականաշինության սրբազան գործին, սպա, ում ողջ գործունեությունը ծառայություն էր երկրի, հասարակության, մարդու անվտանգության ապահովմանը, մարդ, որը ոչ միայն իր իմաստուն խորհուրդն ու բարի խոսքն էր տալիս մարդկանց, այլև հոգու ողջ ջերմությունը։ Մեր երեց զինակիցն ու ճշմարիտ խորհրդատուն էր, երկրի ու գործի նվիրյալը, և անմնացորդ էր օգնելու, հարեհաս լինելու, դժվար պահին սատարելու իր մղումը։
Գորիկ Հակոբյանի ահռելի կենսափորձը հարյուրավոր կյանքերի կհերիքեր, և իրավակարգի ապահովման ոլորտի այդ անզուգական իմացությունը նա անվերապահորեն կիսում էր գործընկերների, նաև այլ գերատեսչությունների գործընկերների, հատկապես երիտասարդների, նույն գործին զինվորագրված բոլորի հետ, կիսում էր անտրտունջ, տալիս էր շռայլորեն, որովհետև պետության զինվորի գլխավոր հատկանիշն անանձնականությունն է, իսկ գիտելիքն ու նվիրումը պիտի շարունակվեն ու բազմապատկվեն հետևորդների մեջ։
Գորիկ Հակոբյանի գործը շարունակվելու է, և իր կերպարն ու սկզբունքները օրինակելի են լինելու երկրի և քաղաքացու անվտանգության ապահովման գալիք նվիրյալների համար։ Կիսում ենք Գորիկ Հակոբյանի ընտանիքի, հարազատների, մերձավորների անսփոփ վիշտը, ցավակցում ենք ծառայակիցներին, գործընկերներին․ մխիթարվենք անքննելի իրողությամբ, որ երկրային ընթացքը երկնային շարունակություն ունի, որը հավերժ է։
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության երկարամյա ղեկավար, գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանի՝ մեր ավագ ընկերոջ ու զինակցի հիշատակը անմար կմնա բոլորիս սրտերում»,-ասված է ցավակցական ուղերձում: