Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանն այսօր հանդիպեց ԵՊՀ ուսանողների հետ, պատասխանել նրանց հարցերին:
«Հայաստանում երիտասարդներին տեսնելով՝ ես սկսում եմ այլ կերպ մտածել Հայաստանի ապագայի մասին,- ասաց նա:- «Շատ ուրախ եմ Հայաստանում գտնվելու և Երևանի պետական համալսարանում ձեզ հետ հանդիպելու համար: Որպես պատգամավոր՝ առաջին անգամ եմ Հայաստանում և ուրախ եմ, որ այս անգամ ավելի ուժեղ Հայաստան եմ տեսնում: Թուրքիայում, դժբախտաբար պայմաններն ավելի վատ են և ամեն օր ավելի են վատանում»:
Փայլանը նշեց, որ Թուրքիայի և Հայաստանի սահմանը 25 տարի է` փակ է, և այդպես էլ կշարունակվի, քանի դեռ Թուրքիան ղեկավարում են ազգայնականները: Նա ընդգծեց, որ սահմադրական փոփոխությունից հետ Էրդողանը դիկտատոր դարձավ և դաշինք կազմեց ազգայնական կուսակցության հետ: «Հիմա էլ Թուրքիան ազգայնականության ճանապարհին է: Մեր կուսակցությունն իր թեկնածուն կունենա 2019 թվականին, որպեսզի այս ճամփան չշարունակվի և վերջանա»,- նշեց Փայլանը, ապա ավելացրեց, որ միայն ժողովրդավար Թուրքիան կարող է կապ ունենալ Հայաստանի հետ:
Հայերը Թուրքիայում ազգային փոքրամասնություն են: «Ընդամենը 60 000 հայ կա Թուրքիայում: Իհարկե, մահմեդականացված հայեր կան, բայց մշակույթը փոխում է ամեն ինչ: Ճանապարհ պետք է գտնենք, որ նորից արդարության և խաղաղության մեջ միասնաբար ապրենք՝ հայ, թուրք, քուրդ: Ես հասկանում եմ, որ սա դեռ երազ է և այդքան էլ մոտ ապագայում չի լինելու»,- ասաց Փայլանը:
Անդրադառնալով մայրենի լեզվի` իր իմացությանը, նա նշեց, որ տատիկները գերազանց են իմացել հայերեն, սակայն ծնողները՝ ոչ, իսկ ինքը հայերեն առաջին տառերին ծանոթացել է մանկապարտեզում:
Ուսանողների հետ հարցուպատասխանից հետո Կարո Փայլանը Երևանի պետական համալսարանի կողմից պարգևատրվեց Ոսկե մեդալով և Շմավոն Շմավոնյանի «Արարատ» ալբոմով:
«Շնորհակալ եմ ու հպարտ եմ»,- ասաց Փայլանը: