Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամեն հայ պետք է զգա, որ առանց իրեն հայրենիքը կփլվի
Հայրենասիրություն ասած բանը ոչ այլ ինչ է, եթե ոչ քեզ վրա դրվածպարտականությունների բարեխղճորեն կատարում: Եթե զինվորից սկսած մինչև նախարարը բոլորանվեր իրենց գործն անեն, ապա մեր բոլոր ձեռնարկումները կպսակվեն հաղթանակով:
Եթե Ղարաբաղը կործանվի, ապա միայն քաղաքական խաղերի պատճառով է կործանվելու, քաղաքականությունն ամենասարսափելի գիշատիչն է:
Այսօր Աշոտ Ղուլյանի՝ Բեկորի հիշատակի օրն է
Կենսագրությունը
Աշոտ Ղուլյանը ծնվել է 1959թ. հոկտեմբերի 6-ին Բաքվում: Երիտասարդ տարիներին Բեկորը աշխատել է որպես դերձակ, շինարար, ավտովարորդ և փականագործ: Մարտական անունը Աշոտը ստացել էր դեռևս նախապատերազմյան շրջանում, երբ 5 հոգով Շահումյանից Ստեփանակերտ զենք էին տեղափոխում: 5-ից 4-ի անունը Աշոտ էր և, որպեսզի խոսելիս միմյանց տարբերեն, որոշում են բոլորին մականուն տալ: Աշոտին, որն արդեն հասցրել էր ինքնաշեն զենքերը փորձարկելիս մի քանի բեկոր «վաստակել», անվանեցին Բեկոր (Ասկոլկա): Ամուսնացել է 1985թ.: Ունեցել է երեք որդի:
Արցախյան պատերազմ
Բեկորը մասնակցել է Ղարաբաղում մղված մարտերից շատերին` Ասկերան, Հադրութ, Շահումյան, Կրկժան, Վերին Շեն, Բուզլուխ, Մանաշիդ, Մալիբեյլու, Խոջալու, Լեսնոյ, Քարինտակ, Շուշի, Լաչին, Մարտակերտ, Կուսապատ, Մաղավուզ, Սրխավենդ, Բաշ-Գյունեփայա, Օրթա-Գյունեփայա, Դրմբոն… Նրա հրամանատարությամբ բազմաթիվ բնակավայրեր են ազատագրվել:
Շուշիի ազատագրումը
1992-ին Շուշիի ռազմական գործողության ժամանակ առաջին վաշտը Բեկորի գլխավորությամբ առաջինն է մտնում քաղաք: Ասում են, որ մայիսի 8-ի առավոտյան 6-ն անց 30-ին Աշոտը հեռակապով կապվում է Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) հետ` Կենտրոնական շտաբ, և հաղորդում, որ հայտնեն ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատարին, որ ինքը նստած է Շուշիի բերդի պատին ու սպասում է տղաների բարձրանալուն: «Մինչև մի քանի րոպեն մտնում եմ քաղաք»,- ավելացրել էր Բեկորը:
Բեկորի մահը
1992 թ. օգոստոսի 24-ին Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի ազատագրման համար մղված մարտը վերջինը եղավ Բեկորի համար:
Բեկորի հիշատակին
1993 թ. Աշոտ Ղուլյանը հետմահու արժանացել է ԼՂՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի: 1999 թ. ԼՂՀ նախագահի հրամանագրով արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը, պարգևատրվել է «Ոսկե արծիվ» շքանշանով: 2002 թ. արժանացել է «Շուշիի ազատագրում» շքանշանի: Նրա անունով է կոչվում փողոց Շուշիում, ինչպես նաև Կենտրոնական պաշտպանական շրջանի առաջին մոտոհրաձգային զումարտակը։ Բեկորի մարտական անունը կրում է նրա կրտսեր որդին, ով ծնվել է հոր զոհվելուց հետո։
Բեկորի խոսքերից
«Եթե զինվորից սկսած մինչև նախարարը բոլորանվեր իրենց գործն անեն, ապա մեր բոլոր ձեռնարկումները կպսակվեն հաղթանակով…»,- ասում էր Արցախի լեգենդար հերոսը, որի համար «հայրենասիրությունը ոչ այլ ինչ էր, եթե ոչ քեզ վրա դրված պարտականությունների բարեխղճորեն կատարում»: Մարտերի միջև դադարի ժամանակ Բեկորն ասել է մարտական ընկերներին. «Եթե Ղարաբաղը կործանվի, ապա միայն քաղաքական խաղերի պատճառով է կործանվելու, քաղաքականությունն ամենասարսափելի գիշատիչն է»: