Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ստամբուլում մի սեմինարի ընթացքում ձերբակալվել են մարդու իրավունքների ոլորտի մի շարք ակտիվիստներ: «Deusche Welle»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը պահանջել է անմիջապես ազատ արձակել ձերբակալվածներին. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Կազմակերպության ներկայացրած տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվածների թվում են «Amnesty International»-ի` Թուրքիայի բաժնի տնօրեն Իդիլ Էսերը և մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նրանց գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն չկա, ընտանիքները ոստիկանության կողմից չեն ծանուցվել ձերբակալության մասին, իսկ փաստաբաններին արգելվել է տեսակցել նրանց հետ:
«Amnesty International»-ի թուրքական բաժնի մամուլի պատասխանատու Օզգյուն Օզչերը թեմայի վերաբերյալ հետևյալ մեկնաբանությունն է արել. «Մեր տնօրենին և մյուս իրավապաշտպաններին թույլ չի տրվել հանդիպել իրենց փաստաբանների հետ: Ոչինչ չգիտենք նաև այն մասին, թե նրանք ինչում են մեղադրվում, ինչ մեղադրանք է առաջադրված»:
«Amnesty International»-ի գլխավոր քարտուղար Սալիլ Շեթին խստորեն դատապարտել է թուրքական իշխանությունների այս կամայական քայլը՝ նշելով, որ իրենք չափազանց բարկացած և անհանգստացած են տեղի ունեցածի պատճառով: «Առանց որևէ մեկնաբանության` իրավապաշտպանների այս ձերբակալությունը իշխանության չարաշահման դրսևորում է և ցույց է տալիս այն տխուր վիճակը, որի մեջ են գտնվում նաև այս երկրի իրավապաշտպանները: Մենք պահանջում ենք անմիջապես և առանց նախապայմանների ազատ արձակել Իդիլ Էսերին և մյուս ձերբակալվածներին»,- ասել է նա:
Կազմակերպությունը պահանջել է նաև հարցը բարձրացնել հուլիսի 7-ին Համբուրգում մեկնարկելիք «Մեծ քսանյակի» գագաթաժողովի ժամանակ՝ Էրդողանից պահանջելով անմիջապես ազատ արձակել իրավապահներին:
Հիշեցնենք, որ հունիսի սկզբին Թուրքիայում ձերբակալվել էին նաև «Amnesty International»-ի` Թուրքիայի բաժնի տնօրենների խորհրդի նախագահ Թաներ Քըլըչը և մի շարք այլ իրավաբաններ: