կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-28 11:51
Հասարակություն

Այս պահին կան բարձրաստիճան պաշտոնյաների զավակներ, ովքեր ծառայում են բանակում. Վիգեն Սարգսյան

Այս պահին կան բարձրաստիճան պաշտոնյաների զավակներ, ովքեր ծառայում են բանակում. Վիգեն Սարգսյան

Հուլիսի 1 ին Հանրապետությունում կմեկնարկի ամառային զորակոչը: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր վստահեցրեց, որ ամեն ինչ արվելու է, որպեսզի հավաքակայանում նորակոչիկների վիճակահանությունն անցնի թափանցիկ և արդար: Նա հորդորեց քաղաքացիական հասարակությանն` այս օրերին հետևողական լինել քանի որ իրենց վերահսկողությունն այս գործընթացում շատ կարևոր է:

«Եթե հայտնի են դեպքեր զորակոչի արդարության խախտման հետ կապված, շնորհակալ կլինենք որ հայտնեք»: Անդրադառնալով պաշտոնյաների զավակների` բանակում չծառայելուն, նախարարն ասաց. «Այս պահին կան բարձրաստիճան պաշտոնյաների զավակներ, ովքեր ծառայում են բանակում, այդ թվում` առաջնագծում, որոնցից 2 ը առողջական խնդիրների պատճառով զորացրվելու ցուցում ունեն, բայց չենք զորացրում, որ չասեն պաշտոնյայի տղա է»:

Նա հայտնեց, որ օրեր առաջ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից մեկի կողմից շատ գրագետ հարցում է ուղարկվել պաշտոնյաների զավակների վերաբերյալ ,ինչին իրենք պատասխանել են. «48 հոգուց բաղկացած ցուցակ էր ներկայացրել, որտեղ որևէ պատահական անձ չկար: Պարզեցինք, որ այդ 48 ից ծառայել է 26-ը, երկուսը ՀՀ քաղաքացիություն չունեն, 6 ն ունեն տարկետման իրավունք, իսկ 16 -ն ազատված են ծառայությունից, այսինքն ներկայացվածների 30 տոկոսը»:

Նախարարը կարծիք հայտնեց, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց զավակները պետք է գիտակցեն, որ գտնվում են հանրային ուշադրության կենտրոնում և կարողանան դժվար որոշում կայացնել և ծառայել: