Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առողջապահության նախարարությունում այսօր նշվել է վաստակաշատ բժիշկ, ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանի 70-ամյակը։
«Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնի տնօրենը երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար արժանացել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվոգրի։ Հանդիսավոր պայմաններում հանձնելով պատվոգիրը` ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Գագիկ Մխեյանը ներկայացրել է Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի ուղերձը։
«Ես բարձր եմ գնահատում Ձեզ թե՛ որպես բժշկի և թե՛ որպես մարդու, ով մեծ ավանդ ու ծանրակշիռ վաստակ ունի մեր երկրում հոգեկան առողջության պահպանման գործում, և ում համար ուղենիշային են փոխադարձ հարգանքը, փոխըմբռնումը և պարզ, մարդկային հարաբերությունները»,-ասված էր Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձում։
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ամբողջ անձնակազմի անունից շնորհավորելով վաստակաշատ բժշկին` շեշտել է, որ առողջապահական համակարգը ևս չափազանց բարձր է գնահատում փորձառու մասնագետի նվիրվածությունն իր գործին։
«Հոգեբուժական ծառայության բարեփոխմանն ուղղված մեր թիմի կողմից արված առաջարկությունների հիմքում Սամվել Թորոսյանի մասնագիտական բազան է»,-նշել է նախարարը։ Նա վաստակաշատ մասնագետին առողջապահության համակարգում երկարատև և անմնացորդ աշխատանքի, ինչպես նաև հոգեբուժական ծառայության զարգացման գործում ներդրած գնահատելի ավանդի ու ծննդյան 70-ամյակի կապակցությամբ պարգևատրել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հուշամեդալով։
Նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանն ընդգծել է, որ անգամ դժվարին տարիներին Սամվել Թորոսյանին հաջողվել է անխափան ապահովել կարևոր այս ծառայության գործունեությունը։
Վաստակաշատ բժիշկ-կազմակերպիչը շնորհակալություն է հայտնել իր աշխատանքն ու նվիրումը բարձր գնահատելու համար։