Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խորհրդարանական ընտրություններից հետո «Ժառանգություն» կուսակցությունը դարձյալ որոնումների մեջ է և առաջարկում է, որ ընդդիմությունը միավորվի մեկ կուսակցության մեջ: Հունիսի 10-ին կուսակցությունը խորհրդի նիստ է գումարել և քննարկել ընտրությունների ձախողման պատճառներն ու հետընտրական անելիքները:
Yerkir.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը նշեց, որ խորհրդի նիստի ժամանակ քննարկել են, թե արդյո՞ք նախընտրական շրջանում ճիշտ են եղել իրենց քայլերը, և ի՞նչն էր պատճառը, որ չանցան խորհրդարան, ինչպես նաև` կուսակցության առաջիկա համագումարի հետ կապված կազմակերպչական հարցեր:
«Ձախողման օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառների մասին կարելի է խոսել միայն այն դեպքում, երբ դու իսկապես մասնակցել ես ընտրություններին, բայց այսպիսի ընտրությունները լո՞ւրջ ընդունել: Քվեի առևտուր տեղի ունեցավ, ովքեր շատ փող ունեին, շատ ձայն հավաքեցին»,- ասաց նա:
Մեր դիտարկմանը` ստացվում է` իրենք բացթողում չունեն, Մուրադյանը պատասխանեց. «Չեմ գտնում, որ ընտրական պրոցես տեղի ունեցավ, որպեսզի մենք էլ կարողանանք վերհանել մեր թերությունները: Անկասկած, թերություններ կան ու կլինեն: Բայց կրկնում եմ` տեղի ունեցավ քվեի առևտուր, ովքեր որ շատ փող ունեին, շատ ձայն հավաքեցին»:
Մուրադյանից հետաքրքվեցինք` արդյո՞ք ճիշտ են տեղեկությունները, որ կուսակցության անդամները դժգոհ են, որ իրենք ընտրությանը մասնակցել են ՕՐՕ դաշինքով, և արդյո՞ք ճիշտ էր հենց այդ դաշինքով ընտրություններին գնալը: Նրա խոսքով` կուսակցությունում բազմաթիվ քննարկումներ են եղել հենց այդ հարցի շուրջ: «Վերջին քննարկմանը, օրինակ, ես, դաշինքի կողմնակից լինելով, չէի կողմնորոշվել, թե որ դաշինքով է ճիշտ մասնակցելը: Հետո հասկացա` ամենաճիշտը ազնիվների հետ դաշինքով գնալն է, որովհետև այս մարդիկ ազնվորեն ասում էին, որ բոլորի հետ համաձայն են դաշինքի, բացի ՀՀԿ-ից: Եվ նշվում էր, որ խորհրդարան անցնելու դեպքում էլ որևէ կերպ ՀՀԿ-ի հետ դաշինք չի լինելու, իսկ մնացածը հազար ու մի պատճառ բերեցին, որպեսզի լայն դաշինք չլինի»,- ասաց Մուրադյանը:
Իսկ թե ովքե՞ր ամեն ինչ արեցին, որ լայն դաշինք չձևավորվի, նա նշեց. «Կոնկրետ հենց «Ելք»-ին է վերաբերում, որովհետև ամեն ինչ արեցին, որ մեծ դաշինք չկայանա: Հարկավոր էր, որպեսզի ընտրողը տեսնի սևի և սպիտակի ընտրություն: Երբ որ սև ու սպիտակի ընտրություն լիներ, նույնիսկ ընտրակաշառքը գործոն չէր դառնա: Մեզ այդպիսի համախմբում էր պետք, որը, ցավոք, չեղավ»:
Մուրադյանի խոսքով` թե' Սեյրան Օհանյանը, թե' Վարդան Օսկանյանը և թե' Րաֆֆի Հովհաննիսյանը համաձայն էին մեծ դաշինքի ցանկացած ընդդիմադիր ուժի հետ, նույնիսկ` այլընտանքային ուժի:
Մեր ճշտող հարցին` «Ելք»-ը չցանկացա՞վ գնալ լայն դաշինքի, նա պատասխանեց. «Ամեն ինչ արվեց, ամեն տեսակի պատճառներ բերվեցին նրանց կողմից: ՕՐՕ դաշինքի առաջնորդները պատրաստ էին մեծ, լայն համախմբման, ինչը «Ելք»-ի դեպքում այդպես չէր. նրանք բոլորի հետ համախմբվելու կողմնակիցը չէին»:
Մուրադյանը տեղեկացրեց, որ «Ժառանգություն» կուսակցության համագումարը տեղի է ունենալու հունիսի 25-ին «Կոնգրես» հյուրանոցում: Նրա խոսքով` կուսակցությունը վարչության նոր անդամներ է ընտրելու:
Մուրադյանը նաև նշեց, որ «Ժառանգությունը» հիմա էլ է կողմ խոշորացման: «Կապ չունի, թե ում շուրջ, մենք չենք ասում` մեր շուրջ: Րաֆֆի Հովհաննիսյանը բազմիցս ասել է, որ ցանկացած մեկի շուրջ «Ժառանգությունը» կարող է համախմբվել, բայց «Ժառանգությունը» հստակ համոզված է` առանց խոշոր միավորների իսկապես ճգնաժամային իրավիճակում գտնվող երկրում բան փոխել հնարավոր չէ, և դա ակնհայտ է»,- շեշտեց մեր զրուցակիցը:
Նրա խոսքով` իրենց կուսակցության առաջնորդն ասել է, որ իրենք նույնիսկ համաձայն են, որ «Ժառանգություն» անվանումը դուրս գա, ստեղծվի այլ ուժ, բայց լինի լայն ընդդիմադիր դաշինք: