կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-08 12:08
Հասարակություն

Բոլորս էլ գիտենք անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին տաքսու վարորդներին. վարչապետ

Բոլորս էլ գիտենք անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին տաքսու վարորդներին. վարչապետ

Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ «Զվարթնոց» օդանավակայանում ծառայություններ մատուցող տաքսիստներին: Ըստ նրա՝ մատուցվող ծառայությունները չեն համապատասխանում պահանջներին, և նրանց գործունեությունը խիստ մտահոգիչ է:

Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը հանձնարարական ստացավ մեկշաբաթյա ժամկետում «Զվարթնոց» օդանավակայանում իրականացնել պրոֆիլակտիկ աշխատանքներ` խնդիրները լուծելու համար:

«Բոլորս էլ գիտենք անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին, Երևանյան լիճը Սևանա լճի փոխարեն ցույց տվող վարորդներին: Լիցենզիա տրամադրելու ժամանակ մենք պահանջում ենք, որ վարորդի տեսքը լինի պատշաճ»,- ասաց Կարապետյանը:

Նա դիմեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին` խնդրելով կոշտ քայլեր ձեռնարկել լիցենզիա չունեցող տաքսու վարորդների հանդեպ:

«Պարո'ն Գասպարյան, ձեզանից ակնկալում ենք շատ կոշտ քայլեր: Քսան, երեսուն հազար դրամով տանում են Մալաթիա- Սեբաստիայով պտտում, բերում են Երևանյան Լիճ` որպես Սևանա լիճ ցույց տալիս»,- ասաց վարչապետը:

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտնեց, որ իրենք ամենօրյա աշխատանքով փորձում են կարգավորել դաշտը: «Մենք չենք կարողանում հասնել նրան, որ կասկածելի անցյալ ունեցող, ծանր հանցագործություններով դատապարտված, նարկոդիսպանսերում հաշվառված անձինք չստանան լիցենզիա: Այդ հարցը լուրջ անհանգստություն է առաջացնում: Մենք մաքրել ենք հոգեկան խնդիրներ ունեցող անձանց լիցենզիա տալը, մենք մաքրում ենք, բայց էլի լիցենզիաներ են տրվում»,- ասաց ոստիկանապետը:

Վարչապետն արձագանքեց. «Հստակ կանոնակարգեք այդ դաշտը: Մենք չպետք է բարդացնենք բիզնես դաշտը, բայց պետք են հստակ հայտանիշներ: Ապահովեք «Զվարթնոց»-Երևան տրանսպորտ, համապատասխան գնացուցակներ դրեք, որ ամեն մեկն ինչ գին ուզենա` չդնի»: