կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-24 14:01
Քաղաքական

Մեր երկիրն ունի այդ պոտենցիալը. Արծվիկ Մինասյան

Մեր երկիրն ունի այդ պոտենցիալը. Արծվիկ Մինասյան

Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին`արդյո՞ք վարչապետի վերաբերմունքը տարբեր է հանրապետական նախարարների ու դաշնակցական նախարարների նկատմամբ, նշեց, որ նման բան չկա:

«Պատկերացրեք` ոչ: Թե' վարչապետը, թե' նախարարները քաղաքական անձինք են: Նրանք ստանում են քաղաքական այն ուժի վստահությունը, որը ներկայացնում են: Կան, իհարկե, և պետք է լինեն տարբեր մոտեցումների և տեսակետների բախումներ, և շատ կարևոր է, որպեսզի այդ բախման արդյունքում ծնվի գործողությունների ավելի արդյունավետ ճանապարհ»,- ասաց Մինասյանը:

Ինչ վերաբերում է, որ նիստերի ժամանակ բանավեճեր են տեղի ունեցել վարչապետի և իր միջև, ապա, ըստ Մինասյանի, բանավեճը չի նշանակում, որ հակասություններ կան իր և վարչապետի միջև: «Բնական է` կան տեսակետներ և այդ տեսակետների հնչեցման կամք և հնարավորություն: Այլ հարց է, թե այդ բախումների ընթացքում ինչ որոշումներ են կայացվում, իսկ արդեն իսկ կայացրած այդ որոշումները պետք է կատարվեն»,- նշեց նա, ապա ասաց, որ շատ վատ կլինի, եթե տեսակետների բախում չլինի: Ըստ նրա` դա  կնշանակի անել մի գործ, որը չես ցանկանում անել:  «Վստահ եմ, որ վարչապետը` որպես կառավարության ղեկավար, նախարարների գործունեությունը համակարգող, պետք է ձևավորի այդ բանավեճի միջավայրը, և նախարարները պետք է մասնակցեն այդ քննարկումներին, որպեսզի ճիշտ լուծումներ ունենան»,- ասաց Մինասյանը:

Խոսելով ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրի մասին` նա նշեց, որ հուշագիրն ունի կոնկրետ ժամկետ, որը ներառում է 6-րդ գումարման ԱԺ ամբողջ ժամկետը: Մինասյանի խոսքով` հուշագրում  քաղաքական բարեփոխումներ ևս սահմանված են: «Այս կոալիցիոն հուշագիրը հնարավորություն է տալիս մի նոր մշակույթ ձևավորել` քաղաքակիրթ իշխանության ձևավորման մշակույթ»,- ասաց նա:

Լրագրողները հետաքրքվեցին` արդյո՞ք իրատեսական է նախագահի այն ասածը, թե 2040 թվականին ՀՀ բնակչությունը կհասնի 4 միլիոնի: Մինասյանն ասաց. «Մեր երկիրն այսօր ունի այդ պոտենցիալը, շատ իրատեսական է դա, պարզապես հարկավոր է այդ ուղղությամբ քաղաքականություն տանել, որ դա իրականություն դառնա: Մենք` որպես կառավարություն, կարող ենք նախագահի նշած ցուցանիշները վերածել իրականության»: