կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-02 10:33
Հասարակություն

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության պոտենցիալը թույլ չի տալիս հանդես գալ նախաձեռնություններով. «Փաստ»

 Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության պոտենցիալը թույլ չի տալիս հանդես գալ նախաձեռնություններով. «Փաստ»

«Երևանի ավագանին ավարտեց հերթական նստաշրջանը ու գնաց ամառային արձակուրդի։ Եթե ամփոփենք այս նստաշրջանի աշխատանքները, ապա թերևս հիշենք աղմկոտ նիստերը, որոնց ընթացքում քննարկումների նշաձողը իջնում էր կենցաղային անթույլատրելի մակարդակի։ Գուցե ավելի բուռն ընթացք ունենային որոշ քննարկումներ, եթե ժամանակին չմիջամտեր քաղաքապետ Հայկ Մարությանը:

Այնուամենայնիվ, Երևանի ավագանու աշխատանքը գնահատելիս՝ պետք է հաշվի առնենք մի քանի օբյեկտիվ իրողություններ, որոնց անտեսումը բերելու է ոչ համարժեք վերլուծության։ Գործող ավագանիում բովանդակային հարթության վրա չեն կարող ծավալվել իրական քննարկումներ կամ դիսկուրս, որովհետև մեծամասնությունը ձևավորվել է հեղափոխական էյֆորիայի պիկին՝ Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշի հիման վրա՝ 82 %-ոց ներկայություն ապահովելով «Իմ քայլը» դաշինքի համար։

Ընդ որում, հեղափոխության թիմն ակնհայտորեն ունի կադրերի դեֆիցիտ, ինչի հետևանքով ավագանիում հայտնվել են մարդիկ, ովքեր, մեղմ ասած, պատկերացում չունեն իրենց կարգավիճակի մասին։

Բացի այդ, ինչպես նշեցինք, մարդիկ ընտրվել են բացառապես Փաշինյանի բարձր վարկանիշի հաշվին, ու ժամանակի ընթացքում խորանում է քաղաքային իշխանության ու մասնավորապես՝ ավագանու անջրպետը հասարակության հետ, ինչը շուտով կարող է նույնիսկ կառավարման ճգնաժամ առաջացնել։

Թերևս օբյեկտիվ այս իրականությունից բխում են գործող ավագանու մյուս «առանձնահատկությունները»։

«Իմ քայլի» առկա պոտենցիալը թույլ չի տալիս, որ խմբակցությունը հանդես գա նախաձեռնություններով։ Նախընտրական շռայլ խոստումներ տված «քայլողներն» ավարտված նստաշրջանի ընթացքում հանդես չեն եկել որոշման որևէ նախագծով, ինչը լավագույնս արտացոլում է քաղաքային կառավարման ուրվագծվող ճգնաժամը։

Այլ խոսքով՝ քաղաքային կառավարման ողջ բեռը մնացել է Հայկ Մարությանի ու իր ադմինիստրատիվ թիմի ուսերին։ Մյուս կողմից՝ ավագանու մեծամասնությունը՝ իր վարքագծով, գրեթե չի տարբերվում հանրապետականներից ու շատ դեպքերում մերժում է փոքրաթիվ ընդդիմության նախաձեռնությունները՝ «մենք ճիշտ ենք, որովհետև շատ ենք» արատավոր բանաձևով։

Եվ վերջապես՝ այս ավագանին ունի մի «հատկություն», որով տարբերվում է նախորդներից՝ պարբերաբար առաջանում է քվորումի խնդիր։

Սա հետևանք է հենց նրա, որ հեղափոխության դաշինքի ցուցակում մեծ թիվ են կազմում պատահական մարդիկ, որոնց ավագանու անդամի աշխատանքն ամենևին էլ չի ձգում»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում