կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-22 22:50
Քաղաքական

Ադրբեջանի միակողմանի պահանջները չեն կարող լուծել հակամարտությունը. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ

Ադրբեջանի միակողմանի  պահանջները չեն կարող լուծել հակամարտությունը. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ

Մայիսի 22-ին Ստամբուլում տեղի ունեցավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) հիմնադրման 25-ամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովը, որին նախորդեցին ՍԾՏՀ Արտգործնախարարների խորհրդի հատուկ նիստն ու կազմակերպության Ավագ պաշտոնյաների կոմիտեի արտահերթ նիստը: Գագաթաժողովը բացեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Մասնակցում էին Հունաստանի, Մոլդովայի նախագահները, Ռուսաստանի վարչապետը, մի շարք երկների փոխվարչապետեր, ԱԳ նախարարներ և փոխնախարարներ:

Գագաթաժողովին և ԱԳ նախարարների հանդիպմանը ՀՀ պատվիրակությունը ղեկավարում էր և ելույթներով հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:

Գագաթաժողովին իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձավ անցած 25 տարիների ընթացքում կազմակերպության շրջանակներում իրականացված աշխատանքին՝ կարևորելով կազմակերպության տնտեսական բաղադրիչի զարգացման ու ամրապնդման անհրաժեշտությունը: Նա ընդգծեց, որ տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը, բազմակողմ և երկկողմ ձևաչափերով մշակված տնտեսական նախագծերը չեն կարող լիարժեք իրականացվել փակ սահմանների առկայության դեպքում, իսկ տարածաշրջանային տնտեսական նախագծերը պետք է ներառեն բոլոր անդամ պետություններին՝ բացառելով որևէ խտրականություն:

Անդրադառնալով գագաթաժողովին Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի ելույթում Հայաստանին հասցեագրված մեղադրանքներին՝ Աշոտ Հովակիմյանը նշեց, որ Ադրբեջանի ներկայացուցիչը կրկին փորձ կատարեց օգտագործել ՍԾՏՀ ամբիոնը` ներկայացնելու ԼՂ հակամարտության աղավաղված պատկերը: «Մենք համոզված ենք, որ այս գագաթաժողովը այն տեղը չէ, իսկ ՍԾՏՀ-ն այն ձևաչափը չէ, որտեղ պետք է քննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Անելով սա՝ ադրբեջանական կողմը ցուցադրեց իր անհարգալից վերաբերմունքը ՍԾՏՀ Կանոնադրության, կազմակերպության սկզբունքների և նպատակների և այս գագաթաժողովի նկատմամբ»,- նշեց Հովակիմյանը:

Ադրբեջանի շարունակական ռազմատենչ քաղաքականության, մասնավորապես, ապրիլյան ագրեսիայի և դրա հետևանքների վերացման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերի համատեքստում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրեց այդ ջանքերի տապալման ուղղությամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկվող քայլերը՝ ընդգծելով, որ. «Մեղադրանքները, ռազմատենչ կեցվածքը և միակողմանի առավելապաշտական պահանջները չեն կարող լուծել հակամարտությունը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մեջ հնարավոր է հասնել առաջընթացի, եթե Ադրբեջանը հրաժարվի ուժ գործադրելու քաղաքականությունից և բարեխղճորեն ներգրավվի բանակցություններում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համաձայնեցված ձևաչափի շրջանակներում»:

Գագաթաժողովն ընդունեց ՍԾՏՀ հոբելյանական հռչակագիրը, որտեղ մեկ անգամ ևս վերահաստատվեց կազմակերպության տնտեսական բնույթը: