կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-22 12:07
Քաղաքական

Ինչ ծրագրել էի, հասցրել եմ անել, դեռ մի բան էլ` ավելի. Ռաֆիկ Գրիգորյան

Ինչ ծրագրել էի, հասցրել եմ անել, դեռ մի բան էլ` ավելի. Ռաֆիկ Գրիգորյան

6-րդ գումարման խորհրդարանում իսկապես դրական փոփոխություններ կան. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի նախկին մարզպետ, ՀՀԿ նոր խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը: Նրա խոսքով` ամեն ինչ փոխվել է, խորհրդարանի դերը բարձրացել է, իսկ արդեն 2018 թվականից այն բոլորովին այլ կարգավիճակ է  ունենալու: «Փոփոխություններն օրեցօր ենք տեսնում»,- ասաց Գրիգորյանը:

Անդրադառնալով նոր խորհրդարան եկած պատգամավորներից ակնկալվող աշխատանքին՝ նա ասաց. «Շուտ է խոսել նոր ԱԺ-ի պատգամավորների որակի մասին, շուրջ 40 տոկոս փոփոխություն է տեղի ունեցել պատգամավորների կազմում, շատերին չեմ ճանաչում: Միասին կաշխատենք, ընթացքում կտեսնենք ու այն ժամանակ էլ կարող ենք խոսել որակի մասին»:

Նախկին մարզպետի բնորոշմամբ՝ պատգամավորի դերն ավելի բարձր է, քան մարզպետինը:  «ԱԺ պատգամավորի դերը, ինչպե՞ս եք կարծում, ավելի՞ բարձր չէ, քան մարզպետինը»,- հարցրեց Գրիգորյանը, ապա հավելեց՝ որտեղ էլ աշխատել է, միշտ էլ մոտ է եղել ժողովրդին: «Վերջին քսան տարիների ընթացքում, որտեղ էլ եղել եմ, միշտ էլ մոտ եմ եղել ժողովրդին և շարունակելու եմ մոտ լինել»,- վստահեցրեց նա, ապա ասաց, որ քաղաքականությունից բնավ չի հոգնել ու մինչ թոշակի անցնելը պատրաստ է սիրով աշխատել:

Խոսելով Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում նշանակվելու ամենահավանական թեկնածու` 5-րդ գումարման պատգամավոր Կարեն Բոթոյանի մասին, ով իր պատգամավորական գործունեության ընթացքում որևէ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չի եկել, Գրիգորյանն ասաց, որ Բոթոյանը «նորմալ, հրաշալի տղա է»:

«Նա հասցրել է 5-րդ գումարման Ազգային ժողովում լինել, և սա մի հարթակ է, որտեղից կարելի է գնալ, գործադիրում աշխատել: Բայց ես դեռ չգիտեմ՝ ով է նշանակվելու: Այս շաբաթվա ընթացքում կլինի նշանակումը, կխոսենք: Եկեք չխանգարենք, թող նշանակեն»,- ասաց նա:

«Ինչ ծրագրել էիք, հասցրե՞լ եք կյանքի կոչել» հարցին, Գրիգորյանը պատասխանեց. «Ինչ ծրագրել էի, հասցրել եմ անել, դեռ մի բան էլ` ավելի»: