կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-04 16:23
Քաղաքական

Կուսակցությունը հարգեց իմ խնդրանքը, ես կլինեմ ԱԺ-ում. Ռաֆիկ Գրիգորյան

Կուսակցությունը հարգեց իմ խնդրանքը, ես կլինեմ ԱԺ-ում. Ռաֆիկ Գրիգորյան

Կուսակցությունն իր աշխատանքից միշտ էլ գոհ է եղել. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը` նշելով, որ ԱԺ մանդատ կստանա:

Նրա խոսքով` իր որոշումով է գնում Ազգային ժողով: «Կուսակցությունում ինձ հետ քննարկումներ են տեղի ունեցել և' մինչև ընտրությունները, և' ընտրություններից հետո: Կուսակցությունը հարգեց իմ խնդրանքը, և ապագայում ես կլինեմ Ազգային ժողովում»,- ասաց Գրիգորյանը:

Նա նշեց, որ իր առաջադրվելու վերաբերյալ էլ բազմաթիվ խոսակցություններ եղան: «Եթե նպատակ չունենայի պատգամավոր ընտրվելու, ինչո՞ւ պետք է առաջադրվեի: Հարգվել է իմ խնդրանքը, քննարկվել են մարզի ապագա անելիքները»,- ասաց մարզպետը:

Հարցին`  արդյո՞ք Գեղարքունիքի մարզպետ կնշանակվի ինքնաբացարկ հայտնած Կարեն Բոթոյանը, Գրիգորյանը պատասխանեց, որ գուշակություններով չի զբաղվում: «Գիտեմ` ով կլինի, բայց կոռեկտ չեմ համարում այդ մասին բարձրաձայնել` մինչև պաշտոնական հրապարակումը չլինի: Այո, այդ խնդիրն էլ է քննարկվել»,- նշեց նա:

Թիվ 8 ընտրատարածքն ընդգրկող Գեղարքունիքի մարզում ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից խորհրդարան էին անցել Ռաֆիկ Գրիգորյանն ու Կարեն Բոթոյանը: Բոթոյանի ինքնաբացարկից հետո մանդատ կստանա Հակոբ Հակոբյանը (Թունելի Հակոբ):