կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-25 14:03
Հասարակություն

Թրամփն իր առաջին ելույթով շարունակեց ԱՄՆ-ի որդեգրած գիծը. Կիրո Մանոյան

Թրամփն իր առաջին ելույթով շարունակեց ԱՄՆ-ի որդեգրած գիծը. Կիրո Մանոյան

Եթե հաշվի առնենք այն համաշխարհային արձագանքը, որ «Խոստումը» ֆիլմի հետ կապված արդեն լսվում է, կարելի է ասել, որ Թուրքիայի ձայնն առանձնապես չի լսվում. այսօր լրագրողներին ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Անդրադառնալով Էրդողանի երեկվա ուղերձին` նա նշեց, որ այն ամբողջ հայությանն ուղղված չէր, այլ` Թուրքիայի հայությանը, որտեղ նույնպես Թուրքիայի կողմնակալ կեցվածքը դրսևորվել է: «Պատրիարքական փոխանորդի պաշտոնն արդեն չունեցող, բայց իրենց պետության կողմից այդ պաշտոնը տակավին շարունակող Արամ Աթեշյանի մասին  ուղերձի վերջում էլ նշել էր, որ հայոց պատրիարքական ընտրություններին հաջողություն է մաղթում Աթեշյանին. պարզ երևում էր այդ ուղերձից, որ Աթեշյանը Թուրքիայի իշխանությունների թեկնածուն է»,- ասաց Մանոյանը:

Նրա խոսքով` միջազգային ոչ մի լրատվամիջոց չի խոսում, որ Ցեղասպանության իրողությունը հայերի տեսակետն է, այլ հենց   նրանք են խոսում Ցեղասպանության փաստի և Թուրքիայի ժխտման մասին:

Մանոյանը նշեց, որ բոլոր միջոցառումներին, որոնք տեղի են ունեցել ապրիլի 24-ին, մասնակցություն են ունեցել նաև պետությունները` սկսած Կիպրոսից, Հունաստանից մինչև Կանադա, Ավստրալիա, Հարավային Ամերիկա և ԱՄՆ: Ըստ նրա` այս բոլոր պետություններում բողոքի ակցիաներին մասնակցել են տվյալ պետությունների գործադիր իշխանության ներկայացուցիչներ, Միացյալ Նահանգներում` նաև օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչներ:

Մանոյանն անդրադարձավ նաև ԱՄՆ նախագահ Թրամփի ուղերձին: Ըստ նրա` Թրամփն իր առաջին ուղերձով շարունակեց ԱՄՆ նույն գիծը, ինչ որդեգրել էր մինչ այդ` ասել ամեն ինչ Ցեղասպանության փաստի մասին, բացի «ցեղասպանություն» բառից: Նրա խոսքով`իրականում շատ անորոշ էր, թե ինչ պետք է ասի ԱՄՆ նախագահը: Մանոյանը նշեց, որ ինքը կարծիք ուներ, թե Թրամփը կարող է ոչինչ էլ չասել: Նրա կարծիքով` ԱՄՆ նախագահի ելույթի կարևոր մասերից մեկն էլ այն էր, որ նա հայերին և թուրքերին հաշտության կոչ արեց, այդպես ցույց է տրվում ԱՄՆ քաղաքականութայն ինքնամեկուսացման ընդհանուր գիծը, որով նշվում է, որ իրենք անելիք չունեն այստեղ, թեև ունեն մի շարք պարտավորություններ:

Այդուհանդերձ, Մանոյանը նշեց, որ Թրամփի պարագայում դժվար է կանխատեսել, թե ինչ կասի նա ոչ միայն մեր հարցում, այլ` ընդհանրապես, ուստի, ըստ նրա,  պետք չէ այս հայտարարությունից ենթադրել, թե վերջ, նա այսքանով կսահմանափակվի, և անպայման սա կլինի նրա գիծը: