Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր լրագրողների հետ հանդիպեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը` ամփոփելով ՀՅԴ նախընտրական քարոզարշավը:
Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի քարոզարշավի սկզբում անցկացված սոցիոլոգիական հետազոտությունները, որոնց համաձայն` Դաշնակցությունը ցածր դիրքերում էր, Աղվան Վարդանյանը պատասխանեց, որ հստակ գիտեն, թե մեր երկրում ովքեր են այդ հարցումների պատվիրատուները: Նա լրագրողների ուշադրությունը հրավիրեց իսկական Gallup-ի հետազոտության արդյունքների վրա, որոնք այսօր են հրապարակվել. դրանք ակնհայտորեն ցույց են տալիս, որ ՀՅԴ-ն ունի լավ վարկանիշ:
«Ինչո՞վ պետք է ձևավորվի քաղաքական ուժի վարկանիշը` նրա կատարած աշխատանքներով, կենսագրությամբ, ժողովրդի մեջ ներթափանցելով: Թող այդ վարչական ռեսուրսը և ընտրակաշառքը չլինի, կեղծ ամբոխավարությունը չլինի, և տեսնենք` ով ինչ վարկանիշ ունի, մե՞նք ենք իրական քաղաքական կուսակցություն, թե՞ մյուսները, մե՞նք ենք ինչ-որ բան արել այս երկրում նախորդ 25 տարիներին, թե՞ ուրիշները: Եվ որտե՞ղ են նրանք լինելու վաղը»,- ասաց Աղվան Վարդանյանը:
Ինչ վերաբերում է հնարավոր ընտրախախտումներին, որոնք կլինեն ընտրատեղամասից դուրս, նա նշեց, որ եթե համեմատության մեջ ենք վերցնում, նախկինում ընտրախախտումները տեղամասի ներսում էին լինում, հիմա կա զգալի փոփոխություն` Դաշնակցության պահանջն էր հրապարակել ցուցակները, դա ևս դարձել է իրականություն:
«Դուք ուզում եք մեկ օրում հասարակության հոգեբանությունն ու վարքագիծը փոխե՞լ, ոչ, ես չեմ հավատում դրան: Այս անգամ իր վարքագիծը կփոխի 10 հազար մարդ, 50 հազար մարդ, հաջորդ ընտրություններին` 250 հազար մարդ: Այլապես եթե մենք սկսենք ամեն խախտման համար ասել` սա աշխարհի վերջն է, ոչ, այս ընտրություններն աշխարհի վերջը չեն, կյանքը շարունակվելու է, Դաշնակցությունը, իբրև ռեալ քաղաքական ուժ, մնալու է հայ ժողովրդի մեջ, և այն խնդիրները, որոնք դրել է իր առջև, քայլ առ քայլ լուծելու է»,- ասաց Աղվան Վարդանյանը: