կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-28 13:07
Քաղաքական

Այդ ՀԿ-ին դիտորդական առաքելությունից զրկելու համար փաստեր կան. Աշոտյանը` տնօրենների գործը «ջրի երես» հանած ՀԿ-ի մասին

Այդ ՀԿ-ին դիտորդական առաքելությունից զրկելու համար փաստեր կան. Աշոտյանը` տնօրենների գործը «ջրի երես» հանած ՀԿ-ի մասին

Ընտրողների ձայները հավաքում են բոլոր քաղաքական ուժերը, եթե չեն հավաքում` նորմալ չէ. այսօր լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` խոսելով «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի` դպրոցի տնօրենների կողմից ՀՀԿ-ի օգտին ձայներ հավաքագրելու վերաբերյալ աղմուկ բարձրացրած ձայնագրությունների մասին:

Նա նշեց, որ հարցին երկու գնահատական կտա` քաղաքական և իրավական: Աշոտյանի հավաստմամբ` ձայնագրությունների ուսումնասիրությամբ զբաղվում են երեք պատկան մարմիններ` ԿԳՆ-ն, դատախազությունը և ԿԸՀ-ն:

«Իրավական պետություն կառուցելու ճանապարհին հանրային գնահատական պետք է տալ, եթե իրավական հիմք կա: Կհորդորեի սպասել իրավական գնահատականին: Իրավական տեսակետից` ունենք հակափաստարկներ` կառույցը 1400 դպրոցներից թիրախավորել է բացառապես ՀՀԿ-ին: Ավելի լուրջ փաստեր կան` «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին դիտորդական առաքելությունից զրկելու, քան ՀՀԿ-ին քարոզարշավին մասնակցելուց զրկելու համար»,- ասաց նա:

Ըստ Աշոտյանի` ՀՀ քաղաքացիներն ունեն իրենց իրավունքները` քաղաքական և քաղաքացիական, այդ թվում` կուսակցական լինելու: Եթե տնօրեններն այդ ամենը կատարել են ոչ աշխատանքային ժամին, խախտումների մասին, նրա կարծիքով, խոսք լինել չի կարող: «Չկա որևէ օրենք, որն արգելի քաղաքացիներին զբաղվել քաղաքականությամբ: Ես լսել եմ տասնյակ ձայնագրություններ, կարող եմ փաստել, որ իմ լսածների մեջ կան փաստեր, որտեղ օրենքի խախտման դեպքեր չկան: Աղմուկը, որ բարձրացավ, ես դիտարկում եմ որպես հակաքարոզչություն, քանի որ մինչ աղմուկ բարձրացնելը պետք է սպասեին իրավական մարմինների արձագանքին»,- նշեց Աշոտյանը:

Եթե տնօրենները մեղավոր են, պիտի պատիժ կրեն, եթե` ոչ, ապա, ըստ Աշոտյանի, ո՞վ է այդ մարդկանց վարկանիշը բարձրացնելու և բարոյական վնասը փոխհատուցելու: «Մարդկանց վարկաբեկել են` պատկերները բռնած` քայլել քաղաքում: Պետք է բարոյական վնասը փոխհատուցվի, չէ՞: Շատերը կարծում են, որ իշխանական քաղաքացին չպետք է պաշտպանված լինի, միայն ընդդիմադիր քաղաքացին պետք է պաշտպանված լինի: Եթե մեկը պետք է պաշտպանված լինի, պիտի պաշտպանված լինեն բոլորը»,- ասաց նա: