Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնել ենք, որ ՀՅԴ-ն նախընտրական քարոզարշավի շրջանակներում ընտրողների հետ հանդիպում է ունեցել Գյումրիում:
Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը, ով Շիրակի մարզից ՀՅԴ-ի կողմից առաջադրված ռեյտինգային թեկնածու է, դիմելով ներկաներին, նշեց, որ Հայաստանի համար 2017 թվականի ապրիլի 2-ը շատ կարևոր օր է: «10 օր մնաց ձեզ` որպես ընտրող, մտածելու, մտորելու, համեմատելու, թե ում եք ընտրելու, և 10 օր մնաց մեզ՝ որպես թեկնածուներ, փորձելու ձեզ ներկայացնել, համոզել, խնդրել, թե ինչու պետք է ընտրել ՀՅԴ-ին»,- ասաց նա, ապա հավելեց. «Դուք այսօր հիմնավոր պատճառներ ունեք ապրիլի 2-ին թիկունք կանգնելու Դաշնակցությանը, զորակցելու Դաշնակցությանը, որ, իրոք, նոր սկիզբ դնենք մեր պետության մեջ»:
Կուրղինյանը նշեց, որ մեր անկախությունից ի վեր` շուրջ քառորդ դար, բոլորը սպասում են այն խոստման իրականացմանը, որը տրվեց այն ժամանակվա իշխանությունների կողմից: «Խոստացան, որ մենք ունենալու ենք իրավական երկիր, ժողովրդավարություն, ազատություն, բայց մենք քառորդ դար դեռ սպասում ենք: Այսօր Դաշնակցությունը եկել է` այդ հանձնառությունը կատարելու, այդ խոստումը կատարելու, որովհետև Դաշնակցությունն այն ուժն է, որը հետևողականորեն, առանց վարանելու հասավ այս օրվան, երբ մենք ունեցանք նոր Սահմանադրություն, նոր կառավարման համակարգ»,- ընդգծեց Կուրղինյանը:
Ըստ նրա՝ Դաշնակցությունը երբեք իր կողմնորոշումը չի փոխել: «Դաշնակցությունն այն կուսակցությունն է, որն իր դեմքը երբեք չփոխեց թե՛ իշխանության մեջ, թե՛ ընդդիմության մեջ: Դաշնակցությունը ժողովրդի ծնունդն է, դուք եք Դաշնակցության տերը»,- ասաց թեկնածուն` ընդգծելով, որ Դաշնակցությունը հավաքական ղեկավարություն ունեցող կուսակցություն է, այլ ոչ թե անհատի կողմից ղեկավարվող կուսակցություն:
Ըստ նրա` սրանք հիմնավոր պատճառներ են այսօր Դաշնակցությանը վստահելու համար: «Մենք, իրոք, պետք է դնենք նոր սկիզբ, մենք ապրիլի 2-ին պետք է գնանք և փորձենք կեղծավորին անկեղծից տարանջատել: Ձեր խղճով կատարեք ընտրություն ու ձեր ձայնը տվեք այն ուժին, որը իրոք կատարել է փոփոխություններ: Այդ ուժն այսօր Հայ Յեղափոխական Դաշնակցությունն է»,- շեշտեց Կուրղինյանը: