կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-21 12:33
Քաղաքական

Անձամբ իմ կետադրությամբ ենք ծրագրերը կազմել. Գագիկ Ծառուկյան

Անձամբ իմ կետադրությամբ ենք ծրագրերը կազմել. Գագիկ Ծառուկյան

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր Մեղրիում է: Նա իր ելույթը սկսեց՝ հիշելով 2012 թվականը, երբ կրկին նախընտրական քարոզարշավի շրջանակներում եկել էր Մեղրի, ապա ասաց, որ 2012-ին ավելի շատ ձայն են ստացել, քան 2008-ին, և ակնկալում է, որ ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններին էլ ավելի շատ ձայն կստանան այս համայնքի բնակչներից: Ծառուկյանի խոսքով՝ իրենց նախընտրական ծրագրի 15 կետերը կյանքի կոչելու համար ժողովրդից ակնկալում է հիսուն պլյուս մեկ ձայն:

«Անձամբ իմ կետադրությամբ, իմ առաջարկով ենք ծրագրերը կազմել, որովհետև գիտեմ խնդիրը, դարդուցավը, պրոբլեմը: Այսօր սովորական մարդականց շատ բան պետք չէ, պայման ու հնարավորություն է պետք»,- ասաց նա՝ շեշտելով, որ այդ խնդիրների լուծումներն արտացոլված են 15 կետերում:

«2008 թվականից թոշակառուն նույն թոշակը ստանում է, բայց գնալով ծայրը ծայրին չի հասցնում, ավելի վատանում ա, ավելի խնդիրներ, ավելի պրոբլեմներ»,- սրտնեղեց Ծառուկյանը՝ կրկին շեշտելով՝ տեսնում է, որ շատ-շատ ընտանիքներ ճկված են բարձր տոկոսադրույքներով վարկերի բեռի տակ. «20-25 տոկոս վարկերը մենք մեր ծրագրով նախատեսում ենք դարձնել 2-5 տոկոս: Եվրախորհրդարանից մեր գործընկերները եկան և ծանոթացան մեր ծրագրերի հետ, ասեցին՝ սա փրկություն ա, ողջունելի ծրագիր ա»:

«Տեսաք՝ 2015 թվականին ինչ էր կատարվում պարոն Ծառուկյանի հետ: Երկու տարի չեմ խառնվել քաղաքականությանը, բայց համապատասխան, իմ ժողովրդի կողքին եմ եղել, բայց մեր կուսակիցները, մեր համակիրները էլի գալով տան դեմը, ասելով՝ փրկի, ու համապատասխան նայելով, որ ուրիշ ճանապարհ չկա: Չես կարող դու փափուկ կյանքով ապրես ու նայես՝ կողքերդ ինչ է կատարվում: Այսօր մեզ պետք է  հիսուն պլյուս մեկ ձայն, որ կարողանանք մեր ծրագրերը կյանքի կոչել»,- ընդգծեց Գագիկ Ծառուկյանը: