Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ ՆԱՈՒՄ նախընտրական շտաբի ներկայացուցիչ Գևորգ Ղուկասյանն այսօր ՀՅԴ Արամ Մանուկյան կենտրոնում նշեց, որ քաղաքական պատասխանատվությունն է առաջին հերթին դրդել Դաշնակցությանը՝ ի դեմս իր ուսանողական միության, հանդես գալու նախընտրական քարոզչական պլատֆորմով, որն իր բնույթով առանձին է և վերաբերվում է ուսանողությանը և երիտասարդությանը:
«Դաշնակցությունն այսօր ՀՀ-ում կրթության և գիտության ոլորտի հանդեպ կրում է քաղաքական պատասխանատվություն և չէր կարող ընձեռված հնարավորությունը չօգտագործել և՛ ուսանողության խնդիրներին, և՛ երիտասարդության խնդիրներին նորովի լուծումներով չներկայանալ»,- ասաց նա հավելով, որ գաղափարաբանական հենքը, որով իրենք այս ընտրություններին հանդես են գալիս այս տեսակ քարոզարշավով այն է, որ իրենք կարևորում են ուսանողությանն առընչվող խնդիրներին ավելի համակողմանի, ավելի համընդգրկուն անդրադառնալը:
Երիտասարդը նշեց, որ պատահական չէ, որ իրենց կուսակցության նախընտրական կարգախոսը «Նոր սկիզբ, արդար Հայաստանն» է, իսկ իրենց թռուցիկի վրա գրված է՝ «Նոր սերունդ, արդար Հայաստան»: «Նոր սկիզբը մենք հավատացած ենք, որ պետք է դրվի նոր սերնդով: Հենց նոր սերունդը պետք է դնի այդ նոր սկիզբը, իսկ նոր սկիզբը պետք է հասցնի արդար Հայաստանի կերտմանը»:
Այնուհետև Վանիկ Չալոյանը, ով ՀՅԴ ՆԱՈՒՄ նախընտրական շտաբի քարոզչության պատասխանատուն է, ներկայացրեց իրենց երիտասարդական այդ պլատֆորմի կետերը և հավատացրեց, որ դրանք իրատեսական են:
Այնուհետև երիտասարդները նշեցին, որ դուրս են գալու ակտիվ քարոզարշավի՝ ուսանողության շրջանում իրենց այս պլատֆորմով, որը բխում է իրենց կուսակցության գաղափարախոսությունից:
Հարցին՝ մտավախություն չունեն, որ իրենց այս քայլը կդիտվի, որ ՀՅԴ ՆԱՈՒՄ-ը առանձին է գործում կուսակցությունից և քննադատությունների առիթ կհանդիսանա, Գևորգն արձագանքեց. «Դաշնակցության կառույցի տրամաբանությունն ինքնին պարտադրում է դաշնակցական միավորներին հանդես գալու կազմակերպական ապակենտրոնացմամբ, այսինքն՝ դաշնակցական ցանկացած միավոր իրավասու է իր կազմակերպական տիրույթում գտնվող խնդիրների և հարցերի վերաբերյալ սեփական կարծիք հայտնել, որոնք չեն հակասում կուսակցության որոշումներին: Քննադատությունից չենք վախենում իսկ դաշնակցության քննադատությունից չվախենալը կարծում եմ ապացուցված է փորձով, հաճախ մենք նույնիսկ զոհել ենք մեր վարկանիշը, նույնիսկ արժանացել ենք քննադատման, բայց մեր աչքի առաջ միշտ եղել է ապագայում մի բան փոխելու տեսլականը: Մենք կուսակցությունից չենք առանձնանում, մեր ծրագիրը բխում է ՀՅԴ գախափարախոսությունից»:
Ղուկասյանն անդրադառնալով հարցին արդյո՞ք ԿԳ նախարարը տեղյակ է իրենց այս պլատֆորմից և ինչպիսի՞նն է նրա արձագանքը, քանի որ հիմնականում ուսանողությանն են վերաբերում խնդիրները նշեց, որ իրենց ծրագիրը բխում է համապետական ուսանողական խորհրդաժողովի հռչակագրից: «ԿԳ նախարարը տեղյակ է և՛ այս ծրագրից, և՛ խորհրդաժողովի հռչակագրից, ինչի կապակցությամբ իր գոհունակությունն է հայտնել և ուսանողներից միշտ սպասում է առավել ակտիվ նախաձեռնող, հաճախ նաև հանդուգն անկողմնակալ առաջարկություններ: Մեր քայլերը ողջունվում են ԿԳ նախարարի կողմից»,- ասաց նա: