Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով՝ նախընտրական քարոզարշավը բավականին հետաքրքիր ընթացք ունի: Նա այսօր լրագրողներին ասաց, որ, ի տարբերություն նախորդ քարոզարշավի, իր դիտարկմամբ, այս քարոզարշավն անցնում է «բավականին կուլտուրական»: «Նախորդ ընտրությունների ժամանակ ֆեյքերի մեծ բանակ կար, ահռելի կայքեր, որոնք ապատեղեկատվություն էին տարածում: Հիմա էլ կա այդ ամենը, բայց ամեն ինչ չափավոր է: Իհարկե, ինչքան դեպի ավարտը մոտենանք, այնքան դրա շանսերը մեծանում են: Իսկ հիմա շատ կոռեկտ է անցնում: Հիմնական պատճառն այն է, որ անցյալ անգամ հիմնական պայքարը ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև էր, սակայն, չգիտես, թե ինչու, նրանք այս անգամ շատ կոռեկտ են պայքարում, կարելի է ասել` չեն պայքարում»,- ասաց նա:
Մարտիրոսյանի խոսքով՝ բոլոր քաղաքական ուժերն էլ հիմնականում օգտագործում են «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը` որպես քարոզչական հարթակ: «Այս անգամ բոլոր քաղաքական ուժերը համացանցում օգտագործում են գրեթե նույն մեթոդները, հիմնականում բոլորը նստած են «Ֆեյսբուք»-ի վրա: Այլ հարթակ չեն օգտագործում, մի քիչ էլ` «Ինսթագրամը», սակայն դա մեխանիկորեն է, քանի որ հայտնի է, որ «Ֆեյսբուք»-ի գովազդները գնում են նաև «Ինսթագրամ»,- ասաց նա, ապա հիշեցրեց, որ, նախորդ ընտրություններին ընդառաջ, շատ քիչ քաղաքական ուժեր էջեր ունեին սոցիալական ցանցերում, մասնավորապես՝ «Ֆեյսբուք»-ում: «Նախորդ անգամ «Ֆեյսբուք»-ում խոսում էին մի մարդու մասին, ով այդ հարթակում չկար: Հավանական է, որ շատ կուսակցություններ պարտադրել են, որ իրենց թեկնածուները լինեն «Ֆեյսբուք»-ում»,- նշեց մեդիափորձագետը:
Ի դեպ, Մարտիրոսյանը նշեց, որ ՀՀԿ-ն քարոզարշավին ավելի վաղ էր պատրաստվել, քան մնացած ուժերը: «Նրանք ունեին պատրաստի տեսահոլովակ, լուրջ ֆինանսական ռեսուրսներ, զգացվում է, որ մասնագետներ են ներգրավված գործում: Իսկ մնացածի առումով` երևում է, որ հապճեպ են գործել ու փորձում են ոտքի վրա ձևավորել իրենց մոտեցումները»,- նշեց նա՝ հավելելով` նկատելի է, որ «Ելք»-ն էլ է նախապես աշխատել:
Մարտիրոսյանն ասաց նաև, որ օգտատերերը, որոնք քարոզչական նյութեր են տարածում, սկսել են չարաշահել հեշթեգերը, ինչը շատ հաճախ հակառակ էֆեկտն է ունենում:
Խոսելով այս կամ այն հայտնի անձի` քարոզարշավում ներգրավվածության մասին, մասնավորապես` հայտնի երգիչ-երգչուհիների, Կոմանդոսի, նաև ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուներից Միհրան Պողոսյանին շնորհակալություն հայտնած` զոհված զինվորի մոր, նա ասաց, որ Միհրան Պողոսյանի պարագայում ինչ էլ արվեր, հասարակությունը վատ էր ընկալելու՝ նկատի ունենալով նրա գործոնը, իսկ մյուսների դեպքում որևէ արտասովոր բան չկա, ու շատ հայտնի երկրներում կիրառվում են այդ տեխնոլոգիաները: