Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Ավան վարչական շրջանի բնակիչների հետ քարոզարշավի շրջանակներում հանդիպեցին ՀՀԿ թեկնածուները և վարչապետ Կարեն Կարապետյանը:
Վերջինս իր ելույթում ներկայացրեց ՀՀԿ ծրագիրն ու տեսլականը: Ծրագիրը հավակնոտ է, բայց միևնույն ժամանակ իրատեսական` ըստ Կարապետյանի: Բնակիչներից մեկը նրան հարցրեց նվազագույն սպառողական զամբյուղի և նվազագույն աշխատավարձի միջև համապատասխանության մասին, թե երբ կարող ենք հասնել դրան: Կարեն Կարապետյանը նշեց, որ համարժեքությունը հարաբերական հասկացություն է, և որքան էլ ժողովուրդը լավ ապրի, պահանջներն էլ են աճելու: Աշխատավարձերի ու թոշակների բարձրացման խնդրին ՀՀԿ-ն անպայմանորեն անդրադառնալու է, և ըստ վարչապետի, թեև 2017-ի բյուջեի նախագծում աշխատավարձերի ու թոշակների բարձրացում չեն նախատեսել, բայց դա նրանից չէր, որ չեն ցանկացել, այլ փորձել են «հաշվարկել մուսկուլները»: Եվ աշխատավարձի ու թոշակների բարձրացման հարցը մշտապես դրված է լինելու իրենց առջև, որին հասնելու համար պետք է երկիրը տնտեսապես աճի ու զարգանա:
Սոցիալական ոլորտում մեծացնելու են հասցեականությունը` նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը, որպեսզի նպաստները իրապես հասնեն սոցիալապես անապահովներին: Մեկ այլ բնակիչ հարցրեց վարկային բարձր տոկոսների մասին, որի պատճառով տնտեսությունը չի աճում: Կարեն Կարապետյանը նշեց, որ բարձր տոկոսներով վարկերը մի քանի գործոնների հետևանք են: Դրանցից մեկը ավանդների տոկոսներն են, վարկերի վերադարձելիության բարձր ռիսկայնությունը, էժան ռեսուրսի առկայությունը: Նա հիշեցրեց, որ տնտեսության աշխուժացման համար նախատեսված է 3,2 միլիարդ դոլարի ներդրում, որը կնպաստի մրցակցության մեծացմանը, հետևաբար նաև` տոկոսադրույքների նվազեցմանը: Սակայն ուղիղ միջամտությունը տոկոսադրույքների նվազեցմանը, վարչապետի խոսքով, կբերի տնտեսական կոլապսի:
Իսկ նոր աշխատատեղերի վերաբերյալ հարցին Կարեն Կարապետյանը այսպես պատասխանեց. «Խոստումներ տալուց բավական ժլատ եմ, որովհետև, երբ խոստում եմ տալիս, ուզում եմ դրա տակից անպայման դուրս գալ: Սակայն այն ծրագրերը որ նախատեսել ենք, բերելու է տնտեսության աճին: Եվ, եթե հասարակությունը հավատա մեր ծրագրին, արձագանքի դրան, ակտիվ լինի, արդյունքները ավելի մեծ կլինեն»: