Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ վարկանիշային թեկնածու Արթուր Ղազարյանը նշեց, որ քարոզարշավի մեկնարկը դրական է գնահատում: Ըստ նրա` ՀՅԴ-ն ունի հանդիպումների հստակ ժամանակացույց: «Բացի նրանից, որ մեր ռեյտինգային թեկնածուներն ամեն օր իրենց տարածքներում հանդիպում են ընտրողների հետ, մեր համամասնական թեկնածուները հանդիպումներ կունենան մարզերում, համայնք չի մնա, որ հանդիպում չլինի»,- ասաց Ղազարյանը` հավելելով, որ, ընդհանուր առմամբ, գոհ է քարոզարշավից և կարծում է, որ մարտի կեսերից քարոզարշավը նոր` ակտիվ փուլի շրջան կմտնի:
Ինչ վերաբերում է իրենց ծրագրին, ապա, ըստ նրա, ՀՅԴ ծրագրին արդեն մասնագետները գնահատական տվել են: «Շատ ենք տեսել այս տարիներին, որ ժողովրդին հեքիաթներ են հրամցրել` որպես ծրագիր: ՀՅԴ ծրագրին արդեն մասնագետները տվել են գնահատական` այն ավելի պրակտիկ է, ավելի իրատեսական, ավելի լուծելի: Տակտիկական մոտեցումներ կան, որով ճանապարհ են հարթում խնդիրների լուծման համար»,- ասաց Ղազարյանը:
Ինչ վերաբերում է հարցին՝ ապագա խորհրդարանում ո՞ր ուժի հետ կհամագործակցեն, ապա, ըստ նրա, ՀՅԴ-ն պատրաստ է բոլոր ուժերի հետ համագործակցել, քանի որ խորհրդարանական համակարգը թույլ է տալիս առանց կոալիցիա կազմելու էլ համագործակցել խորհրդարանական ուժերի հետ:
Ղազարյանի խոսքով` ՀՅԴ-ն խորհրդարան մտնելու խնդիր չունի, չի ունեցել ու չի ունենալու: «Դա պայմանավորված է մեր կուռ կառույցով, մեր կազմակերպվածությամբ, ՏԻՄ ընտրություններում ունեցած մեր տեղերով: ՀՅԴ-ն խորհրդարան անցնելու խնդիր չի ունենա, քանի որ ընտրազանգվածի, ամբողջ հասարակության հանդեպ եղել է ավելի անկեղծ, ավելի չափավոր, վստահություն ներշնչող, ուստի այստեղ քննարկման հարց չի կարող լինել»,- ասաց նա: