կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-23 18:08
Քաղաքական

«Մենք պատրաստակամ ենք խորացնել տարածաշրջանային համագործակցությունը». Վրաստանի վարչապետ

«Մենք պատրաստակամ ենք խորացնել տարածաշրջանային համագործակցությունը». Վրաստանի վարչապետ

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Վրաստան: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել Կարեն Կարապետյանի և Գիորգի Կվիրիկաշվիլիի առանձնազրույցը, որի ընթացքում Հայաստանի և Վրաստանի վարչապետերն անդրադարձել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգային հարցերին և դրանց զարգացման հեռանկարներին: 

Վարչապետերի առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Վրաստանի վարչապետն, ողջունելով հայաստանյան գործընկերներին, նշել է, որ վերջին տարիներին հայ-վրացական փոխհարաբերություններն աչքի են ընկնում դրական առաջընթացով և ավելացրել, որ նման բարձր մակարդակի պաշտոնական փոխայցերը նպաստում են հարաբերությունների զարգացմանը տարբեր ուղղություններով: «Մենք պատրաստակամ ենք խորացնել տարածաշրջանային համագործակցությունը, ակտիվացնել առևտրաշրջանառությունն ու օգտագործել առկա ողջ ներուժը»,- ասել է նա՝ ավելացնելով, որ Վրաստանը կարևորում է բարեկամ Հայաստանի հետ համագործակցության հետագա խորացումը և զարգացումը:

Կարեն Կարապետյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Հայաստանը և Վրաստանը պատմական խորը արմատներ ունեն: «Այսօր երկկողմ հարաբերություններում մենք թևակոխել ենք համագործակցության նոր փուլ: Հայ-վրացական համագործակցությունը շարունակում է զարգանալ փոխվստահության մթնոլորտում, ինչը մեր հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման գրավականն է: Մեր պատվիրակությունը պատրաստակամ է հանգամանորեն քննարկել տնտեսական համագործակցության օրակարգային հարցերն ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային զարգացման տեսանկյունից և կփորձենք գտնել համագործակցությունն առավել ակտիվացնելու նոր ուղիներ»,- նշել է ՀՀ վարչապետը: 

Կարևորելով մեր երկրների միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ղեկավարները նշել են, որ տնտեսական համագործակցության ոլորտում լիովին չի օգտագործվում առկա ողջ ներուժը՝ չնայած երկկողմ առևտրաշրջանառության ցուցանիշների աճին:

Հայաստանի և Վրաստանի վարչապետերը քննարկել են առևտրատնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, մշակույթի ոլորտներում հայ-վրացական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել էներգետիկայի ոլորտում համագործակցության մակարդակից և կարևորել տրանսպորտային հաղորդակցության բնագավառում հետագա զարգացման հեռանկարները: Կարեն Կարապետյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին համոզմունք են հայտնել, որ տնտեսական համագործակցությունը կարող է խթանել երկկողմ առևտրաշրջանառության աճը: Այդ համատեքստում կողմերը կարևորել են էներգետիկայի ոլորտում տարածաշրջանային համագործակցությունը: Ծրագրերի և առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման առումով կարևորվել է Մեղրիի ազատ տնտեսական գոտին և այն որպես երրորդ երկրների շուկաներն ավելի հասանելի դարձնելու հարթակ օգտագործելու հնարավորությունը: 

Պատմամշակութային կապերի սերտացման համատեքստում զրուցակիցները կարևորել են մշակութային հարուստ ժառանգության պահպանումը:

***

Ընդլայնված կազմով հանդիպումից հետո Հայաստանի և Վրաստանի վարչապետերի ներկայությամբ ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Վրաստանի առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև առողջապահության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր: 

Պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և Վրաստանի սննդամթերքի ազգային գործակալության միջև կնքվել է համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: