կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-22 20:05
Քաղաքական

Մեր նպատակը երկիրն առաջ տանելն է. Երվանդ Բասենցյան

Մեր նպատակը երկիրն առաջ տանելն է. Երվանդ Բասենցյան

Թիվ 1 ընտրատարածքում (Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն) ՀՅԴ ռեյտինգային ցուցակով առաջադրվել է 10 թեկնածու: Yerkir.am-ի հետ զրույցում այդ ընտրատարածքի ՀՅԴ ռեյտինգային թեկնածուներից Երվանդ Բասենցյանը նշեց, որ իրենց թիմը հաղթական է տրամադրված` համոզված են, որ լուրջ արդյունք են ունենալու:

Այդ համոզմունքը, ըստ նրա, պայմանավորված է նրանով, որ իրենց թիմում բոլորն էլ պարկեշտ, նորմալ, ազնիվ մարդիկ են: «Բոլորը հայրենասեր մարդիկ են, բոլորն ունեն մաքուր կենսագրություն, երբևիցե որևէ վատ բան մեր թեկնածուներից որևէ մեկի հասցեին ոչ ոք չի կարող ասել, դա մեր ամենակարևոր զենքն է, որով մենք պետք է պայքարենք»,- ընդգծեց Բասենցյանը:

Ընտրակաշառքների մասին խոսակցություններ  լսել են, սակայն Երվանդը նշեց, որ իրենց պայքարի միակ միջոցն այն է, որ ազնիվ ու ճիշտ են իրենց պահելու, իսկ մնացածն արդեն իրավապահների գործն է և պետք է օրենքով կարգավորվի:

Ըստ մեր զրուցակցի` ընտրողի` հենց ՀՅԴ-ի օգտին քվեարկելու գրավականը լինելու է իրենց կուսակցության ծրագիրը: «Մեր ծրագիրը կհրապարակվի, այդ ժամանակ բոլորն էլ կհասկանան, որ միանշանակ մրցունակ ծրագիր է լինելու»,- ասաց նա

Երվանդի խոսքով` կոալիցիոն հուշագիրը կարող է ազդել, կարող է և չազդել իրենց վերջնական ձայների վրա: «Կոալիցիան այդքան էլ էական չէ, էականն այն է, թե մենք ինչով ենք զբաղված: Իսկ իրականում բոլորս էլ  զբաղված ենք նրանով, որ պետք է առաջ տանենք մեր երկիրը և, անկախ նրանից, կոալիցիայում ենք, թե` ոչ, մեր նպատակը դա է»,- շեշտեց նա, ապա համոզմունք հայտնեց, որ այս անգամ ՀՅԴ-ի ձայները շատ ավելին են լինելու:

Իսկ թե որտեղի՞ց նրան այդքան վստահություն, Երվանդը նշեց, որ կավելանա, որովհետև այսօր միակ կուսակցությունը, որը ժողովրդին հստակ ու շիտակ ասում է այն, ինչ անում է, դա հենց ՀՅԴ-ն է, իսկ մարդիկ, ըստ նրա, դա հաստատ կգնահատեն:

Իսկ կկարողանա՞ համոզել ժողովրդին, որ ՀՅԴ-ն հենց այդ հստակ ու շիտակ ասող ուժն է, Երվանդը նշեց, որ դա արդեն ժամանակը ցույց կտա, իսկ իրենք վստահ են, որ կկարողանան: