կարևոր
9889 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-17 21:08
Հասարակություն

ԿԳՄՍՆ-ի շրջաբերականը՝ հանուն Էրդողանի և ընդդեմ հայոց հայրենիքի

ԿԳՄՍՆ-ի շրջաբերականը՝ հանուն Էրդողանի և ընդդեմ հայոց հայրենիքի

Yerkir.am-ի ձեռքի տակ է հայտնվել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի շրջաբերականը, որն իջեցվել է Երևանի քաղաքապետարանին ու մարզպետարաններին: Շրջաբերականով հղում է արվել «ՀՀ տոների ու հիշատակի օրերի մասին» օրենքին և  տեղեկացվել, որ ՀՀ քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը:

Վերոնշյալ կապակցությամբ ԿԳՄՍՆ-ն առաջարկել է դպրոցների սովորողների շրջանում անցկացնել ուսումնական նախագիծ՝ «Հայրենիքը պետություն է» խորագրով: «Նախագծի շրջանակներում սովորողներն իրենց նախընտրելի ձևաչափով (նկարներ, կոլաժներ, ձեռքի աշխատանքներ) պետք է ներկայացնեն յուրահատուկ և հետաքրքիր տեղեկատվություն այն տարածքի մասին, որտեղ ապրում են: Կատարված աշխաանքի ընթացքը պետք է ներկայացնել մինչև 3 րոպե տևողությամբ տեսանյութով կամ տեսանյութերի շարքով»:

Դպրոցները պետք է մինչ ապրիլի 20-ը արդյունքներն ամփոփեն և ապրիլի 27-ին տեղադրեն դպրոցի ֆեյսբուքյան էջում կամ կայքէջում: 

Ստացվում է՝ ԿԳՄՍՆ-ն ուղղակիորեն մասնակցում է Հայաստանի Հանրապետությունը ստալինյան հայտնի «Տրոյկայի» ժամանակներ վերադարձնելու գործընթացին, երբ մի անձի քմահաճույքներով կարող էր մի ողջ էպոխա սկսվել, կայացվել շրջադարձային որոշումներ ու խեղվել սերունդների ճակատագրեր: Բայց այդ ամենը դեռ մի կողմ:

«Հայրենիքը պետություն է» առաջին հայացքից անմեղ թվացող կամ իբր պետականամետ կարգախոսն իրականում ուղիղ բխում է Էրդողանի հայեցակարգերից, քանի որ դրանով հայոց հայրենիքը 400 հազար քառ. կմ-ից, որի մեծագույն հատվածը զավթված է ցեղասպան Թուրքիայի կողմից, պարփակվում է մոտ 29 հազար քառ. կմ-ի մեջ: Այսինքն, ըստ Փաշինյանի հանցավոր խմբակի՝ պետությունից, այն է՝ 29 հազարից դուրս հայրենիք չկա, և  հայոց բնօրրան Արևմտյան Հայաստանը, Արցախը կամ Նախիջևանը այլևս չպետք է համարվեն հայրենիք: Փաստենք, որ վերջիններիցս իսպառ հրաժարվելու, հայոց հայրենազրկման, ցեղասպանության ճանաչման և փոխհատուցման հարցը իսպառ օրակարգից հանելու, Արցախի հարցը վերջնականապես փակելու, Փաշինյանի օրոք ու մասնակցությամբ ցեղասպանության ենթարկված արցախահայությանը աշխարհով մեկ  տարրալուծելու, հայոց պատմությունը թուրքական հայեցակարգերի հենքի վրա վերաշարադրելու այս ձեռագիրը տասնամյակներով տիրաժավորվել է Թուրքիայի կողմից:

Հետևաբար, վերածվելով Փաշինյանի բութ գործիքի՝ ԿԳՄՍՆ-ն ուղղակի մասնակից է դառնում էրդողան-Փաշինյան հանցավոր ծրագրին, որը գործի է դրվել հայ ժողովրդի բռնազավթված հայրենիքի օտարման և հայության՝ սեփական հայրենիքում ապրելու և արարելու անժամանցելի իրավունքների չեզոքացման նպատակով: 

Վահե Սարգսյան