|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Սույն թվականի փետրվարի 8-ին Կիպրոսի Հանրապետության մայրաքաղաք Նիկոսիայում կայացել է «Միջհամայնքային համագործակցությունը և պատշաճ կառավարումը: Կիպրոսը և եվրոպական փորձը» խորագրով միջազգային խորհրդաժողովը, որին մասնակցում էին Եվրոպայի խորհրդի մեկ տասնյակից ավելի երկրների ներկայացուցիչներ: Խորհրդաժողովը կազմակերպվել էր Կիպրոսի «Համայնքների Միություն» կողմից՝ ԵԽ ժողովրդավարության և կառավարման կոմիտեի աջակցությամբ: Միջհամայնքային համագործակցության ոլորտում հայկական փորձը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի խորհրդական Դավիթ Ղազարյանը:
Խորհրդաժողովի մասնակիցների կողմից կարևորվել է միջհամայնքային փոխգործակցության ինստիտուտի դերը տեղական ինքնակառավարման համակարգում՝ համայնքային խնդիրների լուծման գործում: Միևնույն ժամանակ շեշտվել է, որ միջհամայնքային համագործակցությունը «սառեցնում է» առկա խնդիրները: Օրինակ` կարող է արձանագրել որոշակի հաջողություններ կոնկրետ խնդիրների լուծման գործընթացում, սակայն երկարաժամկետ հեռանկարում առավել արդյունավետ է խոշորացման, կոնսոլիդացման ճանապարհով համայնքի հնարավորությունների ընդլայնումը:
Հաշվի առնելով, խնդրի հրատապությունը և տեղական բարեփոխումներում ԵԽ անդամ երկրների կողմից փորձի փոխանակման կարևորությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել միջհամայնքային համագործակցությանը վերաբերող խորհրդաժողովները կրեն շարունակական բնույթ, ինչպես նաև կազմակերպվեն ճանաչողական այցեր եվրոպական համայնքային փոխգործակցության հարուստ փորձ և զարգացած համակարգեր ունեցող երկրներ` գործնականում միջհամայնքային համագործակցության մոդելները դիտարկելու և առկա փորձին անմիջականորեն ծանոթանալու նպատակով:
ՏԿԶՆ