Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքական դաշտում իրարանցում է` դաշինքներ են կազմում, կուսակցություններ փոխում, անգամ` իշխանությունից դուրս գալիս ու հանկարծ ընդդիմություն դառնում: Yerkir.am-ի հետ զրույցում երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանը կարծիք հայտնեց, որ կուսակցությունները հիմա միայն մեկ գործով են զբաղված` իրենց համար փող աշխատելու աղբյուր են փնտրում և իշխանության գալու հնարավորություն, ուրիշ ոչ մի բան նրանց չի հետաքրքրում:
Ըստ երգչի` նրանք ոչ թե ժողովրդի ապագայի մասին են մտածում, այլ միակ ցանկությունը նեղ կուսակցական և անձնական ճղճիմ հարցերը լուծելն է:
«Ինչպե՞ս հավատաս նրանց, ովքեր իշխանությունից դուրս են գալիս ու հայտարարում, թե ընդդիմություն են, բայց իշխանությունն այդպիսին է` մարդիկ գնում ու գալիս են, նրանց համար կարևորն ընդդիմությունն ու իշխողը չի, այլ իշխանության մեջ լինելը: Ամեն ինչին էլ համաձայն են, նույնիսկ` իրենց կուսակցական գաղափարներին են դավաճանում, իրենց խոստացածը չեն անում ու ոչ էլ մտահոգվում են դրա համար: Նրանց իշխանության հետ փող ու հարստություն է պետք, թող չասեն, թե հայրենիքի համար են նման քայլի դիմում: Ես այդտեղ հայրենասիրության տարրեր չեմ տեսնում»,- ասաց Բայաթյանը:
Ինչ վերաբերում է կուսակցությունից կուսակցություն տեղափոխվելուն, ապա, ըստ նրա, նման քաղաքական գործիչներն ուղղակի իրենց համար տաք տեղ են փնտրում ու մտածում` ինչպե՞ս անել, որ կերակրատաշտին մոտ լինեն և իրենց անձնական խնդիրները լուծեն:
Հարցին, թե վերջին օրերին քաղաքական գործիչները նաև սպառնում են, թե աչք կհանեն, կանչում են դպրոցի բակ` հաշիվներ մաքրելու, արդյո՞ք սա չի խոսում այն մասին, որ քաղաքակիրթ պայքարի ուղի չունենք, Բայաթյանը պատասխանեց` այո, արժեզրկվել է ամեն ինչ: «Մենք փակուղի ենք մտել: Գուցե կան լավատեսներ, որոնք կասեն, որ ճանապարհ կա, բայց ես կարծում եմ` փակուղի ենք մտել, և մեզնից ոչինչ կախված չէ: Մեզ թելադրում են ամեն տեղից, և մենք անում ենք ամեն ինչ` բացի նրանից, որ ինքներս կարողանանք մեր կյանքը փոխել: Խամաճիկ երկիր ենք դարձել, ով ուզում` պարանները քաշում, խաղացնում է մեզ»,- ասաց նա:
Հարցին, թե ընտրությունների հետ որևէ հույս պե՞տք է կապենք, Բայաթյանը պատասխանեց. «Ոչ, դիմակահանդես է լինելու: Ես չեմ մասնակցելու ընտրություններին, քանի որ դիմակ չունեմ»: