կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-14 17:00
Քաղաքական

Խորհրդարանում հայտնվելու մեծ հավակնություններ չունի, բայց կառաջադրվի

Խորհրդարանում հայտնվելու մեծ հավակնություններ չունի, բայց կառաջադրվի

Բոստանջյանին բոլորովին սազական չէ նեղանալը, քաղաքական կյանքում յուրաքանչյուր պահի կարող են տեղի ունենալ տարբեր զարգացումներ, անհիմն է «մեղադրել» իրեն ԲՀԿ-ից նեղացվածության մեջ. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Բոստանջյանը, ով ենթադրում է, որ ընդգրկված է լինելու «Ծառուկյան դաշինք»-ում:

«Գագիկ Ծառուկյանը հարմար է գտնում համապատասխան մարդկանց հրավիրել, ներառել և, ընդհանրապես, մեր երկրի համար գործունություն և աշխատանք ծավալել»,- ասաց մեր զրուցակիցը և հստակեցրեց, որ իրեն համագործակցության հրավերով դիմել է ոչ թե Գագիկ Ծառուկյանը` անձամբ, այլ սովորականի նման, երբ կուսակցությունում խորհրդակցություն կամ նիստ է եղել, նրան զանգահարել, հրավիրել են:

Բոստանջյանը նաև վստահեցրեց, որ ինքը շարունակել է համագործակցությունը ԲՀԿ-ի հետ, անգամ` այն ժամանակ, երբ Գագիկ Ծառուկյանը հեռացել էր ակտիվ քաղաքականությունից:

Նա հայտնեց, որ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է իր հայրենի Բայազետից, սակայն նշեց, որ խորհրդարանում հայտնվելու մեծ հավակնություններ չունի: «Բոստանջյանը գիտնական մարդ է, քանի երկրների ակադեմիաների անդամ է և այն մարդկանից չէ, որոնք շնչահեղձ ուզում են հայտնվել խորհրդարանում»,- ասաց մեր զրուցակիցը:

Բոստանջյանը խոսեց նաև ձևավորվող դաշինքերի, մասնավորապես` «Օհանյան-Օսկանյան-Հովհաննիսյան» դաշինքի մասին: «Դժվար է դաշինքներին գնահատական տալը, բայց արդեն իսկ գնահատականը բարձր է նրանով, որ մեր երկրի հոգսերով, երկրի առջև ծառացած խնդիրներով մտահոգված մարդիկ են, որոնք ոչ թե երեկ սկսեցին մտահոգվել, այլ շուտվանից ուզում են մեր հանրապետությունը տեսնել ավելի բարեկեցիկ և հիմա միավորվել են, ինչը ես ողջունում եմ: Դաշինքները կօգնեն բազմակարծություն ստեղծել նաև «Ծառուկյան դաշինք»-ի շուրջ»,- ասաց նա:

Բոստանջյանի խոսքով՝ քաղաքական դաշտի ձևավորումն ընթացիկ ժամանակահատվածում արդեն խոսում է այն մասին, որ Հայաստանում քաղաքական համակարգն իր կարծրացած վիճակից դուրս է գալիս և ձեռք բերում քաղաքական համակարգերին բնորոշ հատկություններ: