Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
«Երրորդ հանրապետություն» կուսակցության ղեկավար Վիկտոր Դալլաքյանն այսօր լրագրողների հետ զրույցում պարզաբանեց՝ ինչն է պատճառը, որ իր ղեկավարած և Արամ Սարգսյանի Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունները դադարեցնում են համագործակցությունը Սեյրան Օհանյանի և «Համախմբում» կուսակցության հետ: Նա նաև հստակեցրեց, որ վերոնշյալ ուժերի հետ իրենց համագործակցությունը ոչ թե դաշինք էր, այլ պարզապես համագործակցություն:
Դալլաքյանի խոսքով՝ նախապես պայմանավորվածություն է եղել, որ իրենց գործունեությունը հրապարակային է լինելու և ոչ` ստվերային, մինչդեռ ընթացքում այդ և մի շարք այլ հարցերի վերաբերյալ անհամաձայնություններ են եղել: Նա նաև նշեց, որ իր և Սեյրան Օհանյանի միջև եղել են պայմանավորվածություններ, որոնք Օհանյանն անկատար է թողել:
«Երրորդ հանրապետություն» կուսակցության նախագահը կարծիք հայտնեց, որ եթե Գագիկ Ծառուկյան-Սեյրան Օհանյան համագործակցությունը կայանար, Հայաստանում կարող էր ձևավորվել լուրջ բևեռ:
Դալլաքյանը նաև նշեց, որ դեռ հստակ չէ իր՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցության հարցը:
Yerkir.am-ի հարցին` Դուք մշտապես կողմ եք եղել Ծառուկյանի հետ համագործակցությանը, մինչդեռ Սեյրան Օհանյանը դեմ է եղել, և գլխավոր պատճառներից մեկն էլ հենց դա՞ է, որ Օհանյանի հետ համագործակցությունից հրաժարվել եք, Դալլաքյանը պատասխանեց. «Կարող եմ ասել, որ Գագիկ Ծառուկյանի հետ իմ հանդիպումների ընթացքում նկատել եմ ցանկություն՝ համագործակցել Սեյրան Օհանյանի շուրջ համախմբված որոշակի կուսակցությունների հետ, բայց կոնկրետ պարոն Ծառուկյանին ներկայացվել են անիրականանալի առաջարկություններ, նաև` որոշակի ամբիցիոզ առաջարկներ, և նման պայմաններում պարոն Ծառուկյանի կողմից համապատասխան ընկալում տեղի չի ունեցել»:
Դալլաքյանը նաև նշեց, որ Ծառուկյանի հետ հանդիպումների կազմակերպիչը մշտապես ինքն է եղել: «Բայց, ցավոք, Գագիկ Ծառուկյանին ներկայացվել են այնպիսի առաջարկություններ և հիմնականում Ձեր մատնանշած քաղաքական ուժի կողմից՝ միջնորդավորված ձևով, որը անհնարին է դարձրել այդ համագործակցությունը»,- ասաց նա:
Մեր մյուս հարցին՝ հնարավո՞ր է Դուք և Դեմոկրատական կուսակցությունը շարունակեք Ծառուկյանի հետ համագործակցությունը, Դալլաքյանը պատասխանեց. «Մենք առայժմ չենք քննարկում՝ ինչ ձևաչափով պետք է մասնակցենք խորհրդարանական ընտրություններին, իսկ ինչ վերաբերում է Ծառուկյանի հետ իմ հարաբերություններին, ապա ասեմ՝ անձնական, մտերմիկ, ջերմ հարաբերություններ են: Ես նրա հետ չեմ քննարկել Արամ Սարգսյանի կամ մեր համագործակցության հետ կապված խնդիրներ»:
Նա չի կարծում, թե իր և Արամ Սարգսյանի՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ որոշումը մեր երկրի կարևորագույն հարցն է: