կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-12 21:11
Քաղաքական

Դալլաքյանը լքեց Սեյրան Օհանյանին

Դալլաքյանը լքեց Սեյրան Օհանյանին

«Երրորդ  հանրապետություն» կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանը դադարեցնում է իր համագործակցությունը պաշտպանության նախկին նախարար  Սեյրան Օհանյանի եւ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Վիկտոր Դալլաքյանը:

«Ընդամենը եղել է երեք կուսակցությունների հայտարարություն համագործակցելու վերաբերյալ` «Համախմբում», «Երրորդ հանրապետություն» եւ Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունների միջեւ: Դեմոկրատական կուսակցությունը հայտարարել է, որ դադարեցնում է համագործակցությունը, ես նույնպես հայտարարում եմ, որ մենք դադարեցնում ենք այդ համագործակցությանը մասնակցությունը: Այդ համագործակցության վերաբերյալ հայտարարած երեք կուսակցություններից երկուսը` Դեմոկրատական կուսակցությունը եւ Երրորդ հանրապետությունը, դադարեցնում են իրենց համագործակցությունը, մնում է ընդամենը «Համախմբում» կուսակցությունը»,-ասաց Վիկտոր Դալլաքյանը:

Հարցին`այդ քայլի հետ որեւէ առնչություն ունի՞ Րաֆֆի Հովհաննիսյանի` Օսկանյան-Օհանյան դաշինքին միանալու որոշումը, Դալլաքյանը պատասխանեց`բացարձակ: Նա հրաժարվեց պատասխանել մեր հարցերին` նշելով, որ վաղը մանրամասն կխոսի իր հրավիրած ասուլիսում: 

Հիշեցնենք, որ այսօր «Ժառանգություն» կուսակցությունը վերջապես որոշում ընդունեց առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ: Քիչ առաջ  կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց, որ  Վարդան Օսկանյանը, Սեյրան Օհանյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը վաղը կստորագրեն ընտրություններին դաշինքով մասնակցելու հուշագիր: Զարուհի Փոստանջյանը չի մասնակցել վարչության նիստին,օրեր առաջ  հայտարարել է, որ դեմ է դաշինքներին միանալուն եւ չի մասնակցելու ընտրություններին որեւէ ուժի ընտրական ցուցակով:

Սկզբնաղբյուր՝ News.am